Հայաստանում սրտաբանությունը մոտեցել է միջազգային մակարդակին. Արմեն Մուրադյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բարձր է գնահատում Հայաստանում սրտաբանության զարգացման մակարդակը: Ազգային ժողովում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախարարը նշեց, որ սրտաբանությունը Հայաստանում մոտենում է միջազգային մակարդակին:
«Սրտաբանությունը, ուրոլոգիան, սպորտային բժշկությունը այն ոլորտներն են, որոնցով, վստահ եղեք, մեր երկիրն արդեն հիմա հայտնի է և պահանջված արտասահմանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մուրադյանը:
Նրա խոսքով՝ աճում է հիվանդների հոսքը, այդ թվում, հաշվի առնելով ժամանակակից ենթակառուցվածքներն ու մասնագիտական պատրաստվածությունը: Վերջինիս զարգացման հարցում մեծ դեր է խաղում սփյուռքի հայտնի բժիշկների աջակցությունը: