Արմեն Մուրադյանը Հայաստանում երիտասարդ անեսթեզիոլոգների կարիք է տեսնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանըերկրում երիտասարդ անեսթեզիոլոգների կարիք է տեսնում: Ազգային ժողովում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախարարը նկատեց, որ Հայաստանին պետք են ավելի շատ երիտասարդ անեսթեզիոլոգներ:
Նախարարի խոսքով՝ այդ ոլորտի մասնագետների պակաս է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ֆրանսիայում, Գերմանիայում: «Գլխավոր պատճառներից մեկն այդ մասնագիտության մեծ պատասխանատվությունն է մարդու կյանքի համար և հարուստ գործնական գիտելիքների անհրաժեշտությունը: Հետևաբար, երիտասարդ մասնագետները, որպես կանոն, չեն ձգտում այդտեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նա հայտնեց, որ 2015 թվականին այդ մասնագիտությամբ մասնագետներ պատրաստելու համար բյուջեից հատկացվել է ավելի քան 30 մլն դրամ: Մեծ ուշադրություն է հատկացվել պետպատվերին՝ օրդինատուրայում անեսթեզիոլոգների սովորելու համար: