Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ բոլոր նահանգներում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ բոլոր նահանգներում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահնագների բոլոր նահանգներում ապրիլի 24-ին կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հարգանքի տուրք կմատուցեն 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայ դատի Վաշինգթոնի գրասենյակի հասարակայնության հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը` հավելելով, որ հայկական համայնքների և Հայ դատի հանձնախմբերի կազմակերպած հիշատակի միջոցառումներին կմասնակցեն մեծ թվով ամերիկացի քաղաքական գործիչներ և օրենսդիրներ:

Ինչպես ամեն տարի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, 100-րդ տարելիցին ևս Վաշինգտոնի հայությունը և 1915 թվականի պատմական իրողության արդարության և ճշմարտության հաստատումը սատարող այլ ազգերի ներկայացուցիչներ ամենամյա բողոքի ցույցի դուրս կգան ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջև:

«Մեծ քայլարշավ է կազմակերպվելու Կալիֆորնիայում, որին ակնկալվում է 100 հազարից ավելի մարդկանց մասնակցությունը»,- նշեց Չուլջյանը: Այս տարի որոշվել է մեկտեղել երկու ամենամյա ակցիաներ` Հոլիվուդի Փոքր Հայաստանի շրջանից ամեն տարի մեկնարկող քայլարշավը և Հայ Հեղափոխական դաշնակցության ամենամյա բողոքի ցույցըˋ Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:

Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հայ և մյուս ազգերի համայնքների առաջնորդներ, ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, Կալիֆորնիայի խորհրդի ներկայացուցիչներ, քաղաքապետեր, հայկական դպրոցների աշակերտներն ու նրանց ծնողները, 100-րդ տարելիցի հանձնախմբի 19 կազմակերպությունները, ավանդական երեք կուսակցությունները, 62 հայրենակցական միություններ կմասնակցեն 10 կմ երկարությամբ քայլարշավին: Հրավերներ են ուղարկել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած 20-ից ավելի երկրների հյուպատոսներին: Քայլարշավի մասնակցիները երթի ընթացքում կանգ կառնեն և ելույթ կունենան CNN-ի շենքի դիմաց:

Իսկ Մասաչուսեթս նահանգում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացումը, որին կմասնակցեն նահանգի սենատորներ Էլիզաբեթ Ուորենը և Էդվարդ Մարքին:

Չուլջյանի խոսքով` մեկ այլ բողոքի ցույց էլ նախատեսվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև, որի ժամանակ նախաձեռնության անդամները կպահանջեն միջազգային կազմակերպությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում