Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղասիրության ակտ է. Ֆրանսուա Օլանդ

6 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղասիրության ակտ է. Ֆրանսուա Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` նշանակում է ընդունել ողբերգությունը, որն իր ողջ ծավալով հարվածել է մարդկությանը, ոգեկոչել` նշանակում է թույլ չտալ, որ վերստին տեղի ունենան այլ ոճրագործություններ: Հենց այդ պատճառով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորություն է` հիշողության տուրք մատուցելու զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ այդ հիշողությունը փոխանցելու հետագա սերունդներին: Այդ մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Այսօր գտնվելով Երևանում՝ մենք մեր ներդրումն ենք բերում հաշտեցմանը, քանի որ հիշողությունը չպետք է օգտագործվի մասնատելու, բաժանելու համար, հակառակը` այն պետք է ներդրվի միավորելու համար: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նվիրված է խաղաղությանը, առաջընթացին, Հայաստանի, տարածաշրջանի և ողջ աշխարհի համար: Այն խաղաղության, հաշտեցման կոչ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Օլանդը: Ֆրանսիայի նախագահի խոսքով` Թուրքիայում շատ կարևոր բառեր կան, որոնք արդեն հնչել են, սակայն շատ կարևոր բառեր դեռևս սպասում են հնչելուն, որոնք կարևոր են` ցավը մեղմելու համար: Ֆրանսուա Օլանդը հույս հայտնեց, որ հայ-թուրքական սահմանն ի զորու կլինեն առաջիկայում բացել: «Ֆրանսիան իր գործընկերների հետ ամեն ինչ անելու է` շարունակելու գտնել խաղաղ լուծում: Երևանի ուղերձը խաղաղությունն է բոլորին, խաղաղություն զոհերի հիշատակին, վերապրողների հիշողության, Մերձավոր Արևելքի, տարածաշրջանի համար: Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է»,- ընդգծեց Ֆրանսիայի առաջնորդը:

Օլանդը նշեց, որ ֆրանսիական պատվիրակությունը ժամանել է Երևան` լինելու հայ ընկերների կողքին, մասնակցելու Հայոց ցեղասպանության հայրուրերորդ տարելիցի արարողություններին, հարգանքի տուրք մատուցելու Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին:

«1915-ի այս օրերին դժոխային մեքենան գործի դրվեց, տեղի ունեցան զանգվածային սպանություններ, մարդիկ բռնեցին գաղթի ճամփան, համակենտրոնացման ճամբարներում ևս զոհվեցին բազմաթիվ հայեր: 1915-ի մայիսից ի վեր Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը համատեղ հայտարարության մեջ հրապարակեցին այն` ինչ կատարվում էր հայ ժողովրդի, մարդկության դեմ: Հայերի հետ կատարվածով առաջին անգամ մարդկության, քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր հասկացությունը մտավ պատմության մեջ: Դա Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար էր: Եվ հենց այդ դատապարտման համար էլ Ֆրանսիան ընդունեց մազապուրծ հայերի մի մասին: Նրանք ունեն նոր հայրենիք, և այդ նոր հայրենքիը Ֆրանսիան է, որը նրանք պաշտպանեցին մեծագույն քաջությամբ, երբ այն ենթակա էր նացիզմի ներխուժմանը»,- նկատեց Օլանդը` հիշեցնելով, որ երբ Ֆրանսիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերակառուցվելու կարիք ուներ, տեղի հայերն իրենց տաղանդը, հանճարը բերեցին այդ գործին, սակայն առանց մոռանալու իրենց հիշողությունն ու ինքնությունը: Օլանդը հիշատակեց բոլոր հայ բանվորներին, բիշկներին, արվեստագետներին, պետական գործիչներին, քաղաքական գործիչներին, ովքեր, նրա խոսքով, նույնքան ֆրանսիացի են, որքան հայ:

«Ինչպես Շառլ Ազնավուրը, ով մեր համատեղ հպարտությունն է: Ֆրանսիայում բազմաթիվ հուշակոթողներ, հուշարձաններ հավերժացնում են Մեծ Եղեռնի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Փարիզի կենտրոնում` սրտում, վեր է խոյանում Կոմիտասի արձանը, որը կառուցվել է 2006 թվականին: Յուրաքանչյուր ապրիլի 24-ին Փարիզում տեղի է ունենում մեծ հավաք, նույնը կլինի նաև այս տարի: Լիոնում ևս առկա է մեծ հուշակոթող` բաղկացած 36 սյունից»,- հիշեցրեց Ֆրանսիայի ղեկավարը:

Օլանդի խոսքով` իրենք գիտակցում են, որ 1,5 մլն հայերի ոչնչացմամբ հայտնագործվել է «ցեղասպանություն» բառը: Ֆրանսիայի ղեկավարը փաստեց, որ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին հայտնագործեց «ցեղասպանություն» բառը, այն ժամանակ, երբ ողջ աշխարհի առջև տեղի էր ունենում նաև հրեական ցեղասպանությունը:

«2001 թվականին օրենքի ողջ հանդիսավորությամբ Ֆրանսիան հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս օրենքը հռչակում է մի ակնհայտ իրականություն` այն դատապարտում է վաղուց ի վեր պատմաբանների կողմից հաստատված փաստը: Նրանց ջանքերը դեռ չեն ավարտվել: Այդ պատճառով նախորդ ամիս Փարիզում տեղի ունեցավ մի մեծ համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական աշխատությունների վկայություններին: 2001 թվականին Ֆրանսիայի ընդունած օրենքը ճշմարտության ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը և հիշողության տուրք մատուցել զոհերին: Այդ օրենքը չի մեղադրում ներկան` անցյալի մեղքերի պատճառով, այն համապատասխանում է ֆրանսիական հանրապետության արժեքներին, քանի որ Ֆրանսիան միշտ ցանկանում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են իրենց ամենանվիրական իրավունքների համար, իսկ ամենակարևոր իրավունքներից մեկը` հիշողության իրավունքն է»,- ասաց Օլանդը` ընդգծելով, որ Ֆրանսիան պայքարում է ժխտողականության, ապացույցների վերացման դեմ, քանզի եթե դա չարվի, թույլ կտրվի, որպեսզի վերստին իրականացվեն ցեղասպանություններ: Ֆրանսիայի նախագահն ընդգծեց նաև, որ Ֆրանսիան ողբերգությունների միջև տարբերակում չի դնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում