ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down խումբն աննկարագրելի համերգ պարգևեց հայ հանդիսատեսին. ապրիլի 23-ին Երեւանի Հանրապետության հրապարակը լի էր ոգեւորությամբ, ապագայի հանդեպ վճռականության ու հավատի ճիչերով: Երեւանում ռոք սիրողները շատ են, ու խորհրդանշական այս օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններն ուղեկցվեցին ոչ միայն սգո երթերով ու ուղերձներով, այլ վերածննդի ու արարելու հաստատակամությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակնկալվում էր, որ համերգը դիտելու կգա 50 հազար հանդիսատես. հրապարակն ու հարող փողոցներն ամբողջությամբ լիքն էին, համերգին հետեւում էին նաեւ հարևան ադմինիստրատիվ կառույցների պատշգամբներից:Համերգն անցավ հորդառատ անձրևի ներքո:
SOAD-ը Երեւան էր բերել Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության համերգացանկը`համեմելով այն հայկական երաժշտությամբ. հատվածներ հնչեցին «Սարդարապատ», «Ղափամա», «Աման Թելո» երգերից:
Համերգի ժամանակ երգիչ Սերժ Թանկյանը նշեց, որ թուրքը փրկել է իր տատիկին ցեղասպանության ժամանակ:«Թուրքական կառավարությունը պետք է այս մարդկանց հերոսներ անվաներ, փոխանակ ժխտելու ակնհայտը՝ պատմությունը: Իմ պապիկը հինգ տարեկան էր, երբ տեսավ, թե ինչպես իր հայրը մահացավ: Նա կորցրեց իր տեսողությունը քաղցի պատճառով: Նա հայտնվեց Հունաստանի որբանոցում: Այն փաստը, որ ԱՄՆ ղեկավարությունը սխալ բառեր է օգտագործում, որպեսզի նկարագրի դեպքերը, սարսափելի է ոչ միայն մեզ, այլև ամերիկացիների համար: Մենք, որպես փրկվածների ժառանգներ, պետք է նայենք բոլոր կառավարությունների աչքերին հավասարը հավասարի սկզբունքով: Անկախության 20 տարվանից հետո դեռ շատ աշխատանք կա անելու»,-ընդգծեց Սերժ Թանկյանը: «Մենք System of a Down-նն ենք, և մեր պարտականությունն է ասել դա ձեզ, շնորհակալություն»,-եզրափակեց նա:
Ռոք խումբն այս մենահամերգով դեռ չի եզրափակի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը, որի ընթացքում խումբը հասցել է լինել տարբեր երկրներում` Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան: Աշնանը նախատեսվում են խմբի համերգները Բրազիլիայում և Արգենտինայում: «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության շրջանակում սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլոյի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում: