Ստամբուլում փողոցները լուսավորվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի համար վառված մոմերով, կայացավ քայլերթ
2 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ մեծ թվով մարդիկ Ստամբուլում մասնակցեցին քայլերթի՝ հանուն Ցեղասպանության զոհերի հիշատակի և կատարված ոճրագործության հետ առերեսման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի այն հատվածում, որտեղից ուղիղ հարյուր տարի առաջ նույն օրը հավաքել էին պոլսահայ մտավորականներին, ներկաները քայլերթ կատարեցին՝ իրենց ձեռքերում պահելով Ցեղասպանության զոհը դարձած հայերի լուսանկարները, ինչպես նաև Հայոց ցեղասպասնությունը ճանաչելու կոչ պարունակող պաստառ: Երթին արցունքն աչքերին շատերը հետևում էին պատուհաններից:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված քայլերթի մասնակիցները Քուրթուլուշ փողոցով քայլեցին մինչև Փանգալթը շրջան: Շուրջ մեկ ժամ տևած քայլերթի ավարտին մասնակիցները մոմեր վառեցին Ցեղասպանությանը զոհ դարձած հայ մտավորականների լուսանկարների մոտ: Կազմակերպիչները ելույթ ունեցան՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության հետևանքով սեփական հայրնեիքից զրկված և աշխարհով մեկ սփռված հայերի արդար պայքարը շարունակվում է: «Իրական խաղաղության և 1915 թվականին կատարվածի հետ առերեսման համար Հայոց ցեղասպանությունը անհապաղ պետք է ճանաչվի, Հայաստանի հետ պետք է զարգացվեն տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները, Թուրքիայի կողմից միակողմանի փակված սահմանն առանց նախապայմանների պետք է բացվի: Այս ցավը բոլորինս է»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ միայն Ցեղասպանությունը ճանաչելով է հնարավոր ազատվել ամոթից և բացել իրական եղբայրության ճանապարհը:
Արարողության ավարտին բոլորը միաձայն կանչեցին. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:
Արաքս Կասյան