Հասարակական

Սրբադասման կարգն ավարտվեց Տերունական աղոթքով. սրբապատկերը տեղափոխվեց Մայր տաճար

3 րոպեի ընթերցում

Սրբադասման կարգն ավարտվեց Տերունական աղոթքով. սրբապատկերը տեղափոխվեց Մայր տաճար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռայսու Հայ Առաքելական եկեղեցու 700 սրբերի շարքը համալրեցին Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատքի ու հայրենիքի նահատակվածները: Ավարտվեց համայն քրիստոնեական աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող սրբադասման արարողությունը: Պատմական իրադարձության ավարտը նշանավորվեց Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյունների հայ առաքելակական ու քույր եկեղեցիների զարգերի 100 ղողանջով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսուհետ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի հիշատակի կարգ` հայցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ աղոթք հղվեց առ Աստված:

Սրբադասման բաղադրիչ օծված սրբապատկերը հավատավոր ժողովրդի երկրպագությանը կմատուցվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին: Իսկ մինչ այդ այն Հայրապետական մաղթանքով տեղափոխվում է Մայր տաճար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբերի հիշատակության ավանդությունն սկսվում է 4-րդ դարից: Ըստ հայ պատմիչ Ագաթանգեղոսի` հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորիչը, համաձայն քրիստոնեական ավանդության, Հայաստանում նահատակված Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի գերեզմանների վրա կառուցել է հատուկ մատուռներ (վկայարաններ, որտեղ քրիստոնյաները հիշատակել են նահատակ կույսերին՝ հայցելով նրանց բարեխոսությունը):Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը:

Հայ Եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք:

Երկարատև ընդմիջումից հետո Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվում է Հայ Եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական է դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում