Հայ ազգը համախմբված է առավել, քան երբևէ. պատմական իրադարձության մասնակիցները` սրբադասման մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու հատկապես հանուն հավատի ու հայրենիքի զոհվածների սրբադասման արարողությունը կարևոր նշանակություն ունի աշխարհասփյուռ հայերի համար: Մայր Աթոռի տարածքը սովորականից ավելի մարդաշատ է, այստեղ մարդիկ գալիս են ընտանիքներով` մանուկից մինչև ծեր` Հայաստանից ու աշխարհի տարբեր կողմերից: «Արմենպրես»-ը զրուցեց նրանից մի քանիսի հետ ավելի քան 400 տարի դադարից հետո վերականգնված սրբադասման խորհրդի ու նրանց զգացողությունների մասին:

Ընկերուհիների հետ Ավստրալիայից Հայաստան ժամանած Վարսենիկ Մկրտչյան. «Այս օրերին մենք շատ զգացված ենք թե ապրիլի 24-ի, թե սրբադասման արարողություններով: Հուսով ենք, որ ինչպես այսօր ենք տեսնում հայ ժողովուրդին միասնական, հետայսու առանց բացառության որևէ մեկ ժամ ու վայրկյան, պետք է պատրաստ լինենք ու միակամ մեկ ձայն ու բռունցք այսպես շարունակենք մինչև արդար դատի իրավունքը»: «Մենք հոգով ու սրտով բազում մղոններ կտրել ու անցել ենք, որ մեր նախահայրերի հիշատակը հարգենք, ամեն ինչ շատ հուզիչ է»,-ավելացրեց Վարսենիկ Մկրտիչյանի ընկերուհիներկց մեկը:

Գևորգյան հոգևոր ճեմարանի 5-րդ դասարանի սան Մանավա սարկավագ Մկրտչյանի համար շատ կարևոր իրադարձություն է սրբադասումը, քանի որ այսուհետ պիտի աղոթի` խնդրելով նաև Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսությունը: «Պատմական պահ է, քանի որ երկար ժամանակ ականատես չենք եղել նման դեպքի: Կսրբադասվեն այն մարդիկ, ովքեր նահատակվեցին վասն հայրենյաց ու վասն հավատո: Սրտատրոփ սպասում ենք արարողությանը և հույսով ու ակնկալիքով լեցուն ենք, որ սրբադասումները պետք է շարունակվեն առաջիկայում: Նրանք կդասվեն սրբերի շարքը ու մենք` որպես հավատացյալ ժողովուրդ, պետք է աղոթենք նրանց, քանի որ սրբերը Աստծո առաջ են և նրանք միշտ բարեխոսում են ու մեր աղոթքներն են մատուցում առ Աստված»,-ասաց սարկավագը:

Գայանե Աբգարյանի համար սրբադասումը նման է այն ուրախությանը, երբ գտնում ես կորած որդուդ: «Սա առաջին քայլն է, հաջորդը Աստծո կամքով մեր տարածքների վերադարձը պետք է լինի: Մենք ամբիոններից միշտ ասում ենք հին ազգ ենք, հայ ազգ ենք` ինչի շնորհիվ է, որ չենք ձուլվել: Քիչ չէին ազգերը, որ չկան այլևս, այդ հավատքն է մեզ պահել: Նրանք այդ հավատը պահելու ու մեզ փոխանցելու համար արյուն են թափել»,-ասաց կինը: Նա հիշեց Պարույր Սևակի խոսքերը. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում, պարզապես մենք էլ պիտի ընդունենք, որ մենք, միայն մենք Արարատ ունենք»:

«Ազդակ» օրաթերթի լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանն էլ այն նույն զգացողություններն է ապրում, ինչ 50 տարի առաջ, երբ Բեյրութում նշում էին Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը: «Երբեք մտքվս չէր անցնում, որ 100-րդ տարելիցին ևս պետք է ներկա լինեմ: Սա նոր հանգրվան է նոր պայքարի, զգում եմ, որ շատ լավ ձևով ենք պատարստվել, այն նոր պայքարի սկիզբն է»,-ասաց Գաբրիել Փանոսյանը:

Դերասան Միքայել Պողոսյանը նշեց, որ ուրախ է հազարավոր մարդկանց հետ ներկա լինել նմանատիպ կարևոր իրադարձությանը: «Համոզված եմ, որ ամեն հայ նույն զգացողությունն ունի: Սա շատ հազվադեպ է լինում, երբ ազգը միաբան է լինում որևէ իրադարձության շուրջ: Ես քանի որ միշտ, չգիտես ինչու, գլխավոր դերեր եմ խաղում որպես սոլիստ, միշտ զգացողություն ու ցանկություն եմ ունեցել երգել երգչախմբի մեջ ունիսոն` կանգնած իմ նման տղաների ու աղջիկների կողքին ու երգել շատ կարևոր երգ: Ես հիմա այդ զգացողությունն եմ ապրում, որ կանգնած եմ մի երգչախմբի մեջ ու շատ կարևոր արարողության անդամ եմ»,-ընդգծեց դերասանը:

Հայ առաքելական եկեղեցին 400-ամյա ընդմիջումից հետո կրկին կատարում է սրբադասման կարգ: Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացօթյա խորանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի ու հայրենիքի զոհվածների սրբադասման արարողությունը:Սրբադասման ավարտին Հայաստանում և աշխարհի տարբեր եկեղեցիներում կհնչեն զանգերի 100 ղողանջները, այնուհետև կլինի լռության մեկ րոպե: Ապրիլի 24-ին օծված սրբապատկերը երկրպագության կտրվի Ծիծեռնակաբերդում:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա