Սրբոց Նահատակաց եկեղեցին աստվածային օրհնության և շնորհների աղբյուր է լինելու հայ ժողովրդի համար
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան այգում` պանթեոնի հարևանությամբ, առաջիկայում նոր եկեղեցի կկառուցվի: Ապրիլի 22-ին Կոմիտասի զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ, տեղի ունեցավ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնեքի արարողությունը: Օրհնության կարգն իրականացնում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Եկեղեցու հողօրհնեքի արարողությանը մանակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Իր ելույթում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը գոհություն մատուցեց Երկնավորին՝ Հայոց ցեղապսանության նահատակների սրբադասման նախօրեին Երևանի պանթեոնում կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի արարողությունը կատարելու շնորհ պարգևելու համար: «Խորհրդանշական է, որ եկեղեցու կառուցումը սկիզբ է առնում մեր ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության աղետից հետո մեր ժողովուրդը աշխարհի բոլոր կողմերում նախևառաջ իր եկեղեցին կառուցեց, որպեսզի լույս ունենա առաջնորդության, իր կյանքն ապրի առ Աստված աղոթքով և Աստծո օրհնության ներքո, որպեսզի իր որդիները լինեն հարազատ զավակները մեր եկեղեցու, հարազատ զավակները մեր ժողովրդի՝ հավատարիմ հայրենյաց ավանդներին ու սրբություններին: Աստված իր երկնային ու աստվածային շնորհներն է հղում մեր քարակերտ եկեղեցիներին, նաև մեր հոգու տաճարներին՝ զորացնելով հավատքով, ամրացնելով մեզ տերունապատվեր ընթացքներով»,- նշեց նա:
Վեհափառ Հայրապետը հավատով նշեց, որ կառուցվող եկեղեցին աստվածային օրհնության և շնորհների նոր աղբյուր է լինելու հայ ժողովրդի համար, որի ճանապարհը լեցուն է եղել դժվարություններով և փորձություններով, սակայն նաև՝ վերելքներով, որոնք վկայությունն են հավատավոր հայ ժողովրդի ապրելու և արարելու աննկուն կամքի: «Աստծո շնորհով այսօր մեծ մխիթարություն է մեր բոլորի սրտերին, որ նորակառույց եկեղեցին վեր է հառնելու այն նույն տեղում, որտեղ կանգնած է եղել խորհրդային բռնությունների շրջանում հիմնովին քանդված եկեղեցին: Եկեղեցու օրհնյալ կամարների ներքո մեր ժողովրդի զավակները իրենց հայցն ու աղերսն են առաքելու առ Աստված, և նվիրական այս աղոթավայրը վկայությունն է լինելու մեր ժողովրդի հոգևոր-մշակութային միության և ամբողջականության: Այստեղ մենք խոնարհվում ենք մեր ժողովրդի մեծանուն զավակների շիրիմներին, հպարտանում նրանց թողած ժառանգությամբ, հայրենիքին ծառայությամբ, մեր մշակույթին բերած ավանդով: Այսուհետ նրանք պիտի հանգչեն եկեղեցու օրհնությամբ, հավատացյալ մեր զավակների աղոթքների հովանու ներքո: Այս եկեղեցին անվանակոչվելու է Սրբոց Նահատակաց՝ ի հավերժացումն մեր նահատակների լուսեղեն հիշատակի: Եկեղեցում կառուցվելու է և սուրբ խորան, որը հետագայում պիտի կոչվի Կոմիտաս վարդապետի անունով, երբ Եկեղեցու կողմից սրբերի դասին կկարգվի մեծ Կոմիտաս վարդապետը: Այս հոգեշեն օրը հայրապետական սիրով մեր օրհնությունն ենք բերում այստեղ համախմբված մեր բոլոր զավակներին, ովքեր իրենց աղոթքներով մասնակից եղան եկեղեցու հողօրհնեքի արարողությանը: Բարձր գնահատանքով ողջունում ենք այստեղ ներկայությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, ով հավատավոր հոգով մշտապես իր զորակցությունն է բերում մեր սուրբ եկեղեցու առաքելությանը, և այսօր իր ներկայությամբ ու մասնակցությամբ պատվեց այս արարողությունը: Հայրապետական մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում նորակառույց եկեղեցու մեծազնիվ բարերարին՝ տիար Սամվել Կարապետյանին՝ մեր եկեղեցու ու ժողովրդի արժանավոր ու նվիրյալ զավակին, ով եկեղեցաշեն ու ազգաշեն բազում գործերով մեծ աջակցություն և ավանդ է բերում մեր եկեղեցու շենացմանը և մեր ժողովրդի բարօրության կերտմանը: Մեր աղոթքն է, որ Աստված բյուր օրհնությունների արժանացնի եկեղեցանվեր բարերարին՝ Սամվել Կարապետյանին՝ պարգևելով նորանոր ձեռբերումներ և ամենայն բարիք Կարապետյան ընտանիքին: Աղոթում ենք առ Աստված, որ ամենախնամ իր սուրբ աջով խաղաղության և բարօրության մեջ պահի ազգս հայոց: Տող Տիրոջ շնորհը սերը և ողորմությունը լինեն մեզ հետ այսօր և ընդմիշտ, Ամեն: Բարի ընթացք եկեղեցու շինարարական աշխատանքներին»,- եզրափակեց Վեհափառ Հայրապետը:
Եկեղեցու շինարարության նախագծի հեղինակ, ճարտարապետ Արտակ Ղուլյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ինքը նախագծել է մի եկեղեցի, որը նվիրված է հայ սրբերի հիշատակին: «Եվ այդ նպատակով նախատեսված է նաև ստորգետնյա հարկ խորանի տակ, որտեղ պետք է պահվեն սրբերի մասունքներ: Վաղ միջնադարից հայտնի է, որ մեր եկեղեցիները հիմնականում կառուցում էին մեր սրբերի նահատակության վայրում, և այսօր, եթե մենք չենք կարող սրբերի նահատակության տեղում կառուցել, ապա Երևանում կառուցվող այս եկեղեցին ունի այդ հնարավորությունը, որպեսզի նրանց մասունքները ամփոփվեն այդտեղ»,- նշեց Ղուլյանը:
Նրա խոսքով՝ եկեղեցին լինելու է հայկակակն ավանդական գմբեթավոր դասական կառույց՝ զանգակատներով, որոնք բացվելու են հենց եկեղեցու մեջ: Եկեղեցին կառուցվելու է 1000 քառակուսի մետր տարածքի վրա: «Սա յուրօրինակ հուշարձան է, որը խորհրդային տարիներին չէր կարող կառուցվել: Սա նաև հուշարձան-եկեղեցի է: Պետք է շեշտենք, որ տեղն էլ պատահական չի ընտրվել. այստեղ եղել է եկեղեցի, հարևանությամբ էլ պանթեոնն է, որտեղ մեր ազգի արժանավոր զավակներն են ամփոփված»,- ասաց Ղուլյանը:
Ղուլյանը դժվարացավ հստակ նշել, թե երբ կավարտվի եկեղեցու կառուցումը՝ ընդգծելով, որ շինարարական աշխատանքները շուտով սկսվելու են: Եկեղեցին կկառուցվի բարերար, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի միջոցներով: