Քաղաքականություն

Հռոմի պապի պատարագից հետո Աշոտ Մելքոնյանը պայքարի ուղի է տեսնում պահանջատիրությունը

4 րոպեի ընթերցում

Հռոմի պապի պատարագից հետո Աշոտ Մելքոնյանը պայքարի ուղի է տեսնում պահանջատիրությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարելի է ինչ-որ իմաստով ավարտված համարել և սկսել գնալ պահանջատիրության ուղով:Լրագրողների հետ ապրիլի 15-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Թուրքիան արդեն երկար տարիներ փորձում է մեզ տանել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով` հնարավորինս հեռու պահելով մեզ հատուցման խնդիրը բարձրաձայնելուց: Այժմ մենք պետք է հետամուտ լինենք, որ յուրաքանչյուր երկիր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերում ներառի նաև հայրենազրկման գաղափարը, քանի որ տարբեր երկրների ընդունած նմանատիպ այլ բանաձևերում բացակայում է եղեռնագործության վայրի մասին նշումը, ինչը շատ կարևոր է մեր հետագա գործողությունների համատեքստում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Անդրադառնալով թուրքական կողմի արձագանքներին` բանախոսը նկատեց հետևյալը. «Ֆրանցիսկոս պապը վերը նշված խնդիրը ներկայացրեց հոգևոր, բարոյական տեսանկյունից` դրանով իսկ հանդես գալով իբրև բարոյականության և ճշմարտության կողմնակից: Իհարկե, Հռոմի պապի պատասխանում առկա էր նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ Թուրքիան, հերթական անգամ հանդես գալով Հայոց ցեղասպանությունը ժխտելու դիրքերից, ի սկզբանե քաղաքական երանգ էր հաղորդել իր արձագանքում»,-պարզաբանեց Մելքոնյանը:

Աշոտ Մելքոնայնն արձանագրեց նաև պատմության մեջ աննախադեպ իրադարձություն. հայ առաքելական և կաթոլիկ քույր եկեղեցիների առավել մերձեցում: «Միջնադարից ի վեր, եթե մենք հետևում ենք քրիստոնեական աշխարհի տարաձայնություններին, ապա վերը նշված պատարագը կարելի է որակել որպես քույր եկեղեցիների գործողության արդյունք, որի շնորհիվ մենք ձերբազատվեցինք միջնադարյան վերապրուկներից, ինչը պատմական իրադարձություն է»,-շեշտեց պատմաբանը և հավելեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագի իրագործման ճանապարհին մեծ է հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի ավանդը: «Բացի այդ` Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո, շղթայական գործընթացի արդյունքում, ես ակնկալում եմ կաթոլիկ երկրների` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունում, որի վառ օրինակներից է վերջերս Չեխիայի խորհրդարանի ընդունած բանաձևը»,-ընդգծեց Մելքոնյանը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում