Միջազգային

ՀԱՊԿ-ն պետք Է կանխիչ միջոցներ ձեռնարկի՝ դիմագրավելու նոր սպառնալիքները. Բորդյուժա

3 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն պետք Է կանխիչ միջոցներ ձեռնարկի՝ դիմագրավելու նոր սպառնալիքները. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի երկրներին անհրաժեշտ Է, որ նրանք «կանխիչ քայլեր» ձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտում ծագած սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

«Մենք պետք Է նախազգուշական քայլեր ձեռնարկենք, որոնք հնարավորություն կտան չեզոքացնելու այս կամ այն հարցը, որոնց բախվում են ՀԱՊԿ-ի անդամ երկրները»,-լրագրողներին ասել Է Բորդյուժան՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ապրիլի 13-ին Մինսկում կայացած հանդիպման արդյունքները:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն արձանագրել Է արեւելաեվրոպական ուղղությամբ ստեղծված ոչ դյուրին իրադրությունը: «Մենք նշում ենք ռազմական ենթակառուցվածքի կենտրոնացումը ե՛ւ Բելառուսի, ե՛ւ Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում, մեծ քանակությամբ մարտական օդուժի, ծանր սպառազինությունների, զորակազմի հայտնվելը, այդ թվում՝ ԱՄՆ-ից»,-ասել Է նա:

Բացի այդ, շարունակել Է Բորդյուժան, «մեր երկրների (ՀԱՊԿ-ի անդամների) տարածքի անմիջական մերձակայքում կան «թեժ կետեր», այն սառեցված հակամարտությունները, որոնք գոյություն ունեն՝ Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը. այնտեղ նույնպես սրվելու միտումներ կան»,-նշել Է Բորդյուժան:

Նա հավելել Է, որ ոչ դյուրին իրադրություն Է ստեղծվում նաեւ Կենտրոնասիական տարածաշրջանում, խոսքն ամենից առաջ Աֆղանստանի մասին Է: «Այնտեղ հայտնվել են «Իսլամական պետության» կազմավորումները, ուրեմն նաեւ՝ Էքսպանսիայի, Կենտրոնասիական տարածաշրջանի տարածքի վրա ազդեցության տարածման փորձերը»,-պարզաբանել Է գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ «խնդիրները շատ են, եւ դրանք պետք Է հաշվի առնվեն ու վերահսկվեն»:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ստեղծվել Է հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որն ստորագրվել Է 1992 թվականի մայիսի 15-ին ԱՊՀ-ի անդամ երկրների կողմից: Ուզբեկստանը 2012 թվականի հունիսի վերջին հայտարարել Է, որ կասեցնում Է իր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում