Քաղաքականություն

Թուրքական կառավարությունը ստելու համար պետք է բացատրություն տա իր ժողովորդին

3 րոպեի ընթերցում

Թուրքական կառավարությունը ստելու համար պետք է բացատրություն տա իր ժողովորդին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը Reddit սոցիալական կայքում պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերի: Կայքի «Ես եմ…»` (AMA) բաժնում մարդիկ հնարավորություններ են ունեցել հարցեր ուղղել «System of a Down» ռոք խմբի անդամներ Սերժ Թանկյանին ու Ջոն Դոլմայանին ու ստանալ պատասխաններ:

Հայազգի օգտատիրոջ հարցին ի պատասխան, թե ինչ պետք է անեն հայերը, որպեսզի հաջորդող 100 տարիները դարձնեն Հայաստանի ապագային, ոչ թե անցյալին ուղղված, Սերժ Թանկյանը գրել է. «Ես լիովին հասկանում եմ ձեզ: Ցեղասպանությունն ու դրա ճանաչմանը հասնելու մեր ձգտումն ամրապնդվել է մեր գենետիկ հիշողության մեջ և դարձել մեր ժողովրդին բնորոշ ամենատարածված բնութագրիչը: Ոչ մի մշակույթ երբեք չի ցանկանում ընդմիշտ զոհի կարգավիճակում մնալ: Բայց արդյոք պե՞տք է այն կլանի մեր մշակութային գանձերը: Արդյոք այն, ինչ մենք անում ենք System of Down-ով, զոհի կարգավիճակում չմնալու կատարյալ միասնությունը չէ՞: Ներկայացնել մեր մշակութային արժեքները` պայքարելով արդարության համար՝ մեկն առանց մյուսի անդառնալի կորուստ կլինի»:

sisman61 անունով օգտատերը գրել է. «Որպես թուրք, ով լսում է ձեր երգերը, ես կարծում եմ, որ դրանք հիանալի են: Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, շատ թուրքեր, կարծես, վախենում են հատուցման ծախսերից կամ այն որպես պատրվակ են օգտագործում` ներողություն չխնդրելու համար, ինչը կհանգեցնի, որ այս ոճրագործությունն արդարացի լուծում չստանա»: Նրան Սերժ Թանկյանը պատասխանել է այսպես. «Շնորհակալություն հարցի համար: Շատ լավ հարց է: Կարծում եմ` դուք շատ լավ ձևակերպեցիք, որ Թուրքիայի կառավարությունը վախենում է փոխհատուցումից և իրավունքների վերականգնումից: Ես ենթադրում եմ, որ երբ ապատեղեկատվության և դիվանագիտության վրա կատարվող ծախսերը գերազանցեն հատուցման ծախսերը, մենք կարող ենք տեսնել որոշ տեղաշարժեր: Այստեղ նաև մի այլ խնդիր կա, թե ինչպես թուրքական կառավարությունը կբացատրի իր ժողովորդին, որ ստել է այս բոլոր տարիներին: Սա ևս խոչընդոտում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Այս տարվաապրիլի 23-ին System of a Downխումբը մենահամերգով հանդես կգաԵրեւանիՀանրապետության հրապարակում` ևս մեկ անգամ միլիոնավոր մարդկանց հայացքն ուղղելով Հայոց ցեղասպանության վրա` կոչ անելով ճանաչել ու դատապարտել այն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում