Արցախ

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով Խաչմաչում կառուցվում է համայնքային կենտրոն

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով Խաչմաչում կառուցվում է համայնքային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Լիբանանի, Բրազիլիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Կիպրոսի տեղական մարմինների եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ` ԼՂՀ Ասկերանի շրջանi Խաչմաչ գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ներկայումս նորակառույցում ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ: Տեղական մարմարով երեսպատված գեղեցիկ, ժամանակակից կառույցն ապահովված է ինժեներական ցանցով, ունի օդափոխության եւ ջեռուցման համակարգեր: «Շենքի կառուցումն այս ընթացքում նաեւ զբաղվածության հարց է լուծել, քանի որ շինարարությունում աշխատում են նաեւ մեր համագյուղացիները»,- ասում է գյուղապետ Մխիթար Ղահրիյանը:

Հին ու խարխուլ շենքում դեռեւս գործող գյուղապետարանն ու բուժկետը գարնան վերջին կտեղափոխվեն անմիջապես շենքի հարեւանությամբ վեր հառնող երկհարկանի նորակառույց կենտրոն, որտեղ կգործեն նաեւ գրադարանը, 150 տեղանոց հանդիսությունների դահլիճը, համակարգչային սրահը: 233 բնակիչ ունեցող համայնքն այսուհետ այստեղ կկազմակերպի նաեւ իր ժամանցը: «Հնի կողքին վեր բարձրացող այս կառույցը կապահովի գյուղի շարունակական առաջընթացը»,- նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնց միասնական մասնակցություն են ունեցել աշխարհի տարբեր երկրների հայ համայնքները: Այսօրինակ ծրագրերից են Նոյեմբերյանի հիվանդանոցի վերակառուցումը, Քարին Տակի ջրամատակարարման համակարգի կառուցումը:

Տարբեր բարերարների ջանքերի շնորհիվ այսօր համայնքը բարեկեցիկ կյանքով է ապրում. գյուղն ունի մշտական ջուր, գազ, գյուղամիջյան սալահատակ բարվոք ճանապարհ, վերակառուցվել է գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում