Խճանկար

Microsoft-ն աշխատատեղերի ստեղծման ծրագիր Է գործարկում աուտիստների համար

2 րոպեի ընթերցում

Microsoft-ն աշխատատեղերի ստեղծման ծրագիր Է գործարկում աուտիստների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ը մայիսին կգործարկի աուտիստների համար աշխատատեղերի ստեղծման ծրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընկերության պաշտոնական բլոգում հայտնել է կորպորատիվ բաժանմունքի փոխնախագահ Մարի Էլեն Սմիթը:

Ծրագրի շրջանակներում պլանավորվում է լրիվ աշխատանքային օրով աուտիստ աշխատակիցների վարձել Microsoft-ի Ռեդմոնդի կենտրոնակայանում: Նշվում է, որ աուտիստները կօգնեն ընդլայնել ընկերության հնարավորությունները՝ տեղեկատվությունը մտապահելու, մանրամասների նկատմամբ ուշադրության եւ էլեկտրոնային աղյուսակների կամ կոդի հետ աշխատելիս մաթեմատիկական ընդունակությունների շնորհիվ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սմիթն ունի աուտիստ երեխա: Ծրագիրը նվիրված է աուտիզմով հիվանդանալու մասին տեղեկատվության տարածման օրվան, որը նշվում է ապրիլի 2-ին:

The Huffington Post ռեսուրսի հաղորդման համաձայն՝ սկզբնապես կվարձվի տասը մարդ: Արդեն այժմ Microsoft-ում թափուր տեղերի 1 տոկոսը (մոտավորապես հազար աշխատատեղ) մատչելի է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, բայց դրանք չեն պահանջում բարձր որակավորում եւ նախատեսում են աշխատանք միջոցառումների ժամանակ, սպասարկում սրճարանում եւ բեռների տեղափոխում:

Ծրագիրը գործարկվել է Specialisterne դանիական ընկերության օգնությամբ, որն զբաղվում է հասարակության մեջ աուտիստների ինտեգրացմամբ: 2013 թվականին այդօրինակ համատեղ նախաձեռնության մասին հայտարարել էր SAP ընկերությունը՝ կորպորատիվ ծրագրային ապահովման գերմանական արտադրողը: Այն պլանավորել էր աշխատանքի ընդունել շուրջ 650 աուտիստների (ինչը կազմում է նրա աշխատակիցների ընդհանուր թվի մոտավորապես 1 տոկոսը):

Աուտիստները դժվարություններ ունեն մարդկանց հետ հաղորդակցվելիս, բայց դրա հետ մեկտեղ կարող են աչքի ընկնել մի շարք առավելություններով, օրինակ ուշադրության բարձր կենտրոնացմամբ, արագորեն մեծ ծավալի տեքստեր հիշելու եւ արագ հաշվելու կարողությամբ:

Լուսանկարը` Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում