Հասարակական

ՀՀ նախագահը ՀԲԸՄ-ին շնորհակալություն հայտնեց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգանվեր գործունեության համար

6 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ՀԲԸՄ-ին շնորհակալություն հայտնեց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգանվեր գործունեության համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ գալա-համերգ: Համերգին մասնակցում էին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Համերգի մեկնարկից առաջի իր խոսքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ողջունելով ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներին՝ ընդգծեց, որ ժողովը գումարվել է համայն հայության համար խիստ պատասխանատու և կարևոր օրերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարվա ապրիլին: «Ուստի, առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել և իմաստավորել մեր անցած ընդհանուր ճանապարհն ու ներկա հանգրվանը: Փաստ է, որ անցած 109 տարիների ընթացքում միշտ վառ է եղել միության ակունքներում դրված հիմնադիր գաղափարներից բխող ազգանպաստ գործունեության լույսը: Մեծավաստակ ձեր կառույցն անցավ հայ ժողովրդի ճակատագրի ուղիներով, տոկաց տարաբնույթ փոթորիկների դեմ, դիմացավ մարտահրավերներին և հաղթահարեց բոլոր դժվարությունները: Հայ ժողովրդին հատուկ հզոր կամքով կառույցն առաջ ընթացավ «միությունը զորություն է» նշանաբանով: Կարճ ժամանակում միությունը վերածվեց համահայկական կազմակերպության՝ տարածելով իր ներկայությունը հայոց բոլոր գաղթօջախներում: Դրվատանքի խոսքերը շատ կարևոր են Հայաստանին և հայությանը միության անմնացորդ նվիրումն ու աջակցությունը գնահատելու համար: Ուստի, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ խորին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ձեր ազգանվեր գործունեության համար: Շատ շնորհակալ եմ»,- ընդգծեց Նախագահը:

Սերժ Սարգսյան նշեց, որ հայ ժողովրդի ազգային ինքնության առհավատչյան Հայաստանն է: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի հետ է կապված հայ մարդու ապագայի պատկերացումը: «Նրա անցյալն իբրև մասունք հայրենի հողում է ամփոփված, նրա ներկան բոլոր թելերով հայրենիքի հետ է կապված: Այդ իսկ պատճառով, համայն հայության գերագույն նպատակը պետք է լիներ ապահով Հայաստանին և Արցախին զորակցելն ու սատարելը: Այս առումով կարևորում եմ Հայկական բարեգործակակն ընդյանուր միության այն ծրագրերը, որոնք միտված են հայրենիքի զորացմանը և առաջընթացին, ինչպես նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համայն հայության համախմբմանը: Ձեր առաջադրած բոլոր խնդիրները համազգային հնչեղություն ունեն: Բնականաբար, դրանք պահանջում են համայն հայության ուժերի համադրում, որն առաջին հերթին ենթադրում է Սփյուռքի և հայոց երկու պետությունների համագործակցություն: Ես վստահեցնում եմ, որ ձեր բոլոր ազգանվեր ձեռնարկների իրականացման ընթացքում մենք ձեր կողքին ենք լինելու՝ որպես ամուր հենարան և վստահելի գործընկեր»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանն իր խոսքում շնորհակալություն հայնտեց ՀՀ Նախագահին և առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ համերգին ներկա գտնվելու և միության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: «Ահավասիկ, մեկ անգամ ևս, Հայոց ցեղապսանության 100-րդ տարելիցի առիթով, եկել ենք մեր հավատքը ամրապնդլեու հայրենի հողի վրա, հարգանք մատուցելու մեր նահատակներին, շարունակելու պայքարը մեր պատմական և մարդկային իրավունքների իրականացման համար, ինչպես նաև միացնելու մեր ուժերը հայրենի պետության կառուցման ճիգերում, որպեսզի իրականանան մեր ժողովրդի իղձերը: Հայաստանը մեր ժողովրդի հավատն ու հույսն է այսօր: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շարունակում է իր աշխատանքները և ծրագրերը Սփյուռքում ՝ աստիճանաբար փոխելով նրանց բնույթը և հարմարեցնելով դրանք այսօրվա իրականությանը և փոփոխվող պայմաններին»,- ընդգծեց Սեդրակյանը:

ՀԲԸՄ-ի անդամներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնի խոսքը փոխանցեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր սերը և օրհնությունն ենք փոխանցում Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ժողովի առիթով, որն արդեն ավանդաբար գումարվում է մայր հայրենիքում՝ Արարատի հայացքի ներքո: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ծնունդ է առել հայ ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում՝ պետականության բացակայության և ազգային ալեբախումներով լի մի շրջանում: Հիմնադրված լինելով Արևմտյան Հայաստանի ժողովրդին աջակցելու և զորակցելու նպատակով՝ միությունը վկան և կրողը դարձավ Հայոց ցեղասպանության ՝ իր մեծագույն ավանդն ունենալով Ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդի նոր կյանքի կառուցման գործում: Միությունն ապրեց մեր ժողովրդի հետ և միաժամանակ մասնակիցը եղավ նրա հարության և հաղթանակի լուսավոր ջանքերի»:

Գալա-համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Գաբրիել Երանյանի, Արմեն Մարտիրոսյանի ստեղծագործությունները: Համերգին մասնակցում էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը, «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական համույթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում