Տնտեսություն

Գործող կարգավորումն արդար չէ պատշաճ հարկ վճարողի հանդեպ. Բադասյանն անդրադարձել է Վահրամ Միրաքյանի քննադատությանը

5 րոպեի ընթերցում

Գործող կարգավորումն արդար չէ պատշաճ հարկ վճարողի հանդեպ. Բադասյանն անդրադարձել է Վահրամ Միրաքյանի քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ հարկային կարգապահությունը պետք է բարձրացվի այլ մակարդակի վրա, քանի որ գործարար դաշտում օրենսդրական փոփոխությունների աղմուկի մեջ չի լսվում կարգապահ բիզնեսի ձայնը, որն ամեն օր դժգոհում է, որ դաշտում գործում են ոչ կարգապահ տնտեսվարողներ, իսկ իրենք՝ պարտաճանաչ հարկ վճարողները, շուկայից դուրս են մնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՊԵԿ նախագահն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով գործարար, «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի քննադատությանը, թե ՊԵԿ-ն «ահաբեկչությամբ» է զբաղվում Հայաստանի բիզնեսի դեմ։ Միրաքյանը իր բողոքն էր արտահայտել ՊԵԿ-ի կողմից հանրային քննարկման դրված նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքից հանել այն կարգավորումը, որի համաձայն՝ հարկային պարտավորությունների կատարման խախտում թույլ տված տնտեսվարողները պետությանը պատճառած վնասը վերականգնելու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից։ 

«Եթե քննադատություն է հնչում պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեին, պետք է հասկանալ, թե դա ինչքանո՞վ է մերկապարանոց, ինչքանով՝ ոչ։ Նախագիծը հիմա քննարկման փուլում է գտնվում, և առաջիկայում ՊԵԿ-ում հասարակական խորհրդի նիստ է լինելու, որտեղ նախագիծը բիզնեսի ներկայացուցիչների հետ ենք քննարկելու», - ասաց Բադասյանը։ 

Նա հավելեց, որ քրեական օրենսգրքում առկա կարգավորումը լավ պրակտիկա չի համարվում․ «Այդ կարգավորումն ասում է, որ եթե հարկային հանցագործությունը կբացահայտվի, կբերես, կվերականգնես գումարը և կազատվես քրեական պատասխանատվությունից։ Իմ կարծիքով՝ այս հոդվածի պատճառով մեզ մոտ մրցակցային իրավիճակը խաթարված է: Օրինակ, նույն շուկայում գործում են տնտեսվարող սուբյեկտ, մեկը կարգապահ է, պարտաճանաչ վճարում է հարկերը, իսկ մյուսը խուսափում է հարկերից։ Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է իրավախախտման մի մասը, ապացուցում է դրանից էլ ավելի փոքր մասը, գործարարը փոխհատուցում է այդ գումարը և ազատվում քրեական պատասխանատվությունից։ Սա որքանո՞վ է արդար պարտաճանաչ հարկ վճարողի հանդեպ», - նշեց ՊԵԿ նախագահը։  

ՊԵԿ նախագահը շեշտեց, որ իրենց կողմից առաջարկվում է հակառակը՝ նախնական քննության փուլից գնալ դատական քննության փուլ, որտեղ հարկ վճարողը շատ ավելի պաշտպանված է, օգտվում է շատ ավելի լայն երաշխիքներից։

«Բացարձակ մերկապարանոց պնդում է։ Հաճախ, մարդիկ ուզում են լայնախոհ անձի տպավորություն թողնել, որ իրենք շատ ժամանակակից են մտածում, տարբեր փորձագետներ ժամանակ առ ժամանակ դաշտ են նետում հետևյալ թեզը․ բոլոր երկրներում գնում են տնտեսական հանցագործությունների ապաքրեականացմանը։ Բացարձակ սուտ է, պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ յուրաքանչյուր ֆորմատով բանավիճել և ապացուցել, որ միջազգային փորձը ճիշտ հակառակն է», - նկատեց Բադասյանը։ 

Վերջինիս համոզմամբ՝ մեկ այլ շահարկում կա այս համատեքստում․ «Ասվում է, որ պատահական, տեխնիկական կամ ոչ միտումնավոր սխալի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, այդպիսի հոդված չկա։ Հնարավոր չէ պատահական սխալով հանկարծակիորեն առաջացնել միլիոնավոր դրամների հարկային պարտավորություններ։ Այդպիսի դեպքեր լինում են, որ տեխնիկական սխալ է, մեկնաբանության հարց է, բայց նման հարցերը լուծվում են ծանուցումներով և այլ գործիքակազմով»։

ՊԵԿ նախագահը նշեց, որ, այդուհանդերձ, քննադատության մեջ ողջամիտ է համարում խախտման տարբեր շեմերի համար պատասխանատվության տարբեր աստիճաններ սահմանելը։ 

«Հարկային կարգապահությունը պետք է բարձրացվի այլ մակարդակի վրա։ Միտված ենք բիզնեսի հետ քննարկելուն,  որպեսզի նաև կարգապահ բիզնեսի տեսանկյունից լսենք, տեսնենք իրենք և՞ս մտահոգություններ ունեն, թե՞ աջակցում են այս նախագծին, դե՞մ են, թե՞ կողմ են», - ասաց Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխությունը կքննարկվի բոլոր կողմերի, այդ թվում՝ գործարարների հետ։ 

Ավելի վաղ «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, «որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել»: ՊԵԿ-ն «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ անդրադարձել էր Միրաքյանի քննադատությանը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում