Մարզեր

Համայնքային զարգացման կենտրոն՝ Հայկավանում՝ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում

3 րոպեի ընթերցում

Համայնքային զարգացման կենտրոն՝ Հայկավանում՝ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում

ԳՅՈՒՄՐԻ,  15 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում այսուհետ կգործի  համայնքային զարգացման կենտրոն, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ օգոստոսի 15-ին։ Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնը բացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորած «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի  շրջանակներում։ Նույն ծրագրի շրջանակներում Ախուրյանի ևս 31 բնակավայր կունենա նմանատիպ կենտրոն։ 

Այս բնակավայրերի բնակիչները կարող են  հավաքվել այս կենտրոններում և քննարկել գաղափարներ, որոնք կնպաստեն համայնքի զարգացմանը: Դրանք նաև հարթակ են ինքնակրթության հնարավորություն փնտրողների համար:

«Անչափ ուրախ եմ, որ այսօր ազդարարելու եմ Ախուրյան խոշորացված համայնքում 32 կենտրոնի ձևավորման մեկնարկը։ Այս կենտրոնները դառնալու են համայնքի զարգացման ուժերից մեկը՝ համայնքների ակտիվ բնակիչների հավաքման, հարցերի քննարկման, խնդիրները բարձրաձայնելու ու որոշումների կայացման հարթակ։ Ինչպես այս, այնպես էլ մյուս կենտրոնները պետք է դառնան համայնքի կարողությունների զարգացման կենտրոններ»,-ողջունելով ու շնորհավորելով բոլորին՝ նշեց ԱՄՆ ՄԶԳ Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Մեթյու Լեյրդը։

«Կենտրոնների համար պետք է մշակվեն կանոնակարգեր, գործողությունների ծրագրեր, որոնք կապահովվեն կենտրոնների բնականոն ընթացքը»,-նշեց «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։ 

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, շնորհավորելով համայնքի բնակիչներին, կարևորեց համայնքների զարգացմանը տանող այս ծրագիրը։

«Սա կնպաստի, որ տեղական ինքնակառավարման ցանկացած հարց լինի մասնակցային։ Ուրախ եմ, որ նման կենտրոններ կունենան նաև Ախուրյան համայնքի մյուս բնակավայրերը։ Սրանք կնպաստեն բնակիչ-իշխանություն հարաբերության ամրապնդմանը։ Վստահ  եմ՝ այս ծրագիրը հաջողված կարելի է համարել՝ հաշվի առնելով այն թիմին, որն  իրականացնում է  այս ծրագիրը»,-նշեց Աշոտ Գիլոյանը՝  շնորհակալություն հայտնելով  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև համայնքների կողքին լինելու համար։ 

«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

 

Արմենուհի Մխոյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում