Կարծիքներ

Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը անիրատեսական է. վրացագետ

2 րոպեի ընթերցում

Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը անիրատեսական է. վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը անիրատեսական է: «Վրաստանի ղեկավարությունը վախենում է ոչ այնքան Թուրքիայի արձագանքից, որքան Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացումից, քանի որ ադրբեջանցիները մեծ ներդրումներ են կատարում Վրաստանում և ցանկացած հայամետ գործողություն կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ մարտի 26-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը և հավելեց, որ վրացական մամուլում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել նաև Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժերը:

Վրացագետը մտահոգություն հայտնեց Վրաստանում ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների գործունեության առնչությամբ: «Վրաստանում շատ լուրջ աշխատանք են տանում ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները, որոնք փորձում են խեղաթյուրել մեր պատմությունը, և այդ ապատեղեկատվությանը հակազդելու համար ճիշտ կլիներ Վրաստանում ստեղծել եռալեզու`հայերեն, վրացերեն, անգլերեն լրատվական կայք, ինչը որոշ չափով հակակշիռ կհանդիսանար վերոնշյալ կազմակերպություններին»,-պարզաբանեց Մելիքյանը:

Նա նշեց, որ Վրաստանի ղեկավարությունը դեռևս չի կողմնորոշվել ապրիլի 24-ին Թուրքիայում Չանաքկալեի ճակատամարտին և Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին իրենց մասնակցության հարցում: «Վրաստանը փորձում է վարել հավասարակշռված քաղաքականություն, և եթե նրանք որոշեն, որ, տնտեսական գործոններից ելնելով, Վրաստանի նախագահը պետք է գնա Չանաքկալե, ապա ես կարծում եմ, որ վարչապետի կամ արտգործնախարարի մակարդակով պատվիրակություն կժամանի նաև Երևան»,-ընդգծեց Ջոնի Մելիքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում