Սանկտ Պետերբուրգում կայացել է Ցեղասպանության զոհ դարձած մտավորականների հիշատակին նվիրված երեկո

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում կայացել է Ցեղասպանության զոհ դարձած մտավորականների հիշատակին նվիրված երեկո

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում մարտի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպվել է «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր:

Բացման խոսքով հանդես է եկել Ալեքսանդր Նազարովը, ով խոսել է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների՝ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի և այլոց կյանքի ու ստեղծագործության մասին։

Իր ելույթում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:

Պետերբուրգյան լրագրող և իրավապաշտպան Անտուան Առաքելյանը խոսել է Հայոց ցեղասպանության հետևանքների մասին:

Միջոցառման ընթացքում ընթերցվել են Հայաստանին նվիրված` Սերգեյ Գորոդեցկու բանաստեղծությունը, ինչպես նաև հատվածներ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Սիամանթոյի բանաստեղծություններից։ Հնչել են հանրաճանաչ կոմպոզիտորների գործերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում