Քաղաքականություն

Դերսիմահայերն այլևս չեն վախենում խոսել սեփական ինքնության մասին. նրանք Ծիծեռնակաբերդում էին

5 րոպեի ընթերցում

Դերսիմահայերն այլևս չեն վախենում խոսել սեփական ինքնության մասին. նրանք Ծիծեռնակաբերդում էին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է հիշի Հայոց ցեղասպանության մասին և համապատասխան դիրքորոշում ընդունի այս հարցի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Դերսիմի հայերի միության անդամ Միհրան Փրկիչը, ով Դերսիմից ժամանած գյուղապետերի և գործիչներիչ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշամահալիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մարտի 21-ից սկսված այցելության վերջին օրը դերսիմցիները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրանց շարքում էր նաև դերսիմահայ Զեքի Սարըջան, ով արդեն երկու և կես ամիս է, ինչ մկրտվել է և վերադարձել իր հայկական ակունքներին` ստանալով Արմենակ անունը: «Ես առաջին անգամ եմ գտնվում այստեղ և շատ հուզված եմ: Միհրան Փրկիչի նախաձեռնությամբ մենք` դերսիմահայերս, կամաց-կամաց սկսեցինք մեր ինքնությունը գտնել, ճանաչել ինքներս մեզ: Իհարկե, ես փոքրուց գիտեի, որ հայ եմ, սակայն Թուրքիայի պայմաններն այնպիսինն են, որ մենք համարձակորեն չէինք կարողանում արտահայտվել դրա մասին: Դերսիմում շատ են մարդիկ, ովքեր թաքցնում են իրենց հայ լինելը: Եվ կան նաև այնպիսիները, ովքեր չգիտեն իրենց ինքնության մասին: Դինքի մահից հետո շատ բան փոխվեց: Այս խնդիրը սկսեց ալեկոծվել Թուրքիայում: Չնայած իմ մեջ միշտ կար հայկականության զգացումը, բայց Հրանտի մահից հետո դա ավելի բոցավառվեց»,- նշեց Արմենակը` հավելելով, որ գյուղում բոլորը գիտեն իրենց հայկական ընտանիքի փրկության պատմության մասին:

Ցեղասպանության հուշակոթող կատարած այցելությունը հուզել էր նաև Դերսիմի հայերի և ալևիների բարեկամության միության նախագահ Սերքան Սարիաթաշին, ով այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Մենք ասում ենք, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը և այն պետությունները, որոնք դեռևս չեն ճանաչել այն, պետք է ճանաչեն»:

Միրան Փրկիչն ընդգծեց Դերսիմն ավելի լավ հասականալու և ճանաչելու կարևորության մասին` հիշեցնելով, որ այս վայրը եղել է հայ ժողովրդի առաջին բնակավայրերից: «Արևմտյան Հայաստանում կան հազարավոր հայկական գերեզմաններ, քանդված եկեղեցիներ և անգամ լացող ժայռեր: Մենք ապրիլին լինելու ենք այն վայրում, որտեղից հայերին ողջ-ողջ նետել են ժայռերից: Մենք ցույց ենք տալու, որ բոլորը տեսնեն, հասկանան, որ Ցեղասպանությունը կատարվել է: Այս ապրումները մենք Թուրքիայում ամեն օր ունենում ենք: Ցեղասպանությունն այնպես է մարդկանց մեջ մտել, որ անգամ մեր Ստամբուլի եղբայրները դժվարանում են ընդունել մեր հայկական ինքնությունը: Դերսիմում ապրող մեր բոլոր եղբայրների հայկական անունները ջնջված են, թուրքացված են, քրդացված են, արաբացած են, սակայն իրականությունը գաղտնի չմնաց: Մեր պապերի գերեզմաններին գրել ենք նրանց անունները` Պողոս, Սարգիս, Պետրոս: Եվ նրանց թոռներն այսօր սկսեցին խոսել, ասել` մենք հայ ենք, մեզ ընդունեք, վերացրեք խոչընդոտները մեր առաջ»,- ընդգծեց Փրկիչը:

Դերսիմի Գյովերգե գյուղի գյուղապետ Հըդըր Էրենն էլ հայտնեց, որ Հայաստան գալու նպատակներից մեկն էլ մի եղբայրական ընտանիք գտնելու ցանկությունն է, որի հետ հետագայում իր երեխաները կպահպանեն շփումն ու կապը և փոխադարձ այցելություններ կիրականացնեն: Նա հավելեց նաև, որ հետ վերադառնալուց հետո իր ապրումերի և տեսածների մասին պատմելու է հայ հարևաններին ու բարեկամներին:

Քարաջա գյուղի գյուղապետ, Սալթըք ընտանիքի կրոնական առաջնորդ Էրոլ Սաթըքը, ով ալևի է, փաստեց, որ հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը 1938 թվականին կիրառվեց արդեն ալևիների դեմ: «Ինչպես հայերի դեպքում, այնպես էլ մեր ժամանակ նախ խաղաղության կոչերով հավաքեցին զենքերը, ապա եկան և կոտորեցին: Այդ կոտորածների մասին պատմողը հայրս էր, ով կարողացել էր փրկվել` մնալով դիակների տակ: Այնտեղ այն ժամանակ միակ մեղքն իրենց ալևի լինելն էր, իրենց հավատքի խնդիրն էր, իրենք պետությանը որևէ հակազդեցություն չէին տվել: Ինը տարեկանում ողջ մնացած հորս քշում են իրենց տարածքից: Երբ նրանց ձեռքերը կապած տանում էին արևմտյան կողմեր, ժողովուրդն ասում էր. «Քարանձավներից մարդիկ են եկել, գնանք տեսնենք ինչ էակներ են»: Եվ գալիս անասունների պես նայում էին մեր նախնիներին: Մենք նույն ցավերն ենք ապրել, ես շատ լավ եմ հասկանում ձեզ»,- նշեց Սալթըքը: Նա պատմեց նաև, որ որոշ ժամանակ առաջ իրենք 30 հազար ստորագրություն էին հավաքել և դիմում էին ներկայացրել մեջլիս` պահանջելով ներողություն խնդրել կատարվածի համար, սակայն որևէ պատասխան չէին ստացել: Ներկայում դատը տեղափոխվել է ՄԻԵԴ, որտեղ դրան ընթացք է տրված:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում