Պաշտոնական

Ադրբեջանը շարունակում է դիվերսիոն գործողություններով սրել իրավիճակը. Հովիկ Աբրահամյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է դիվերսիոն գործողություններով սրել իրավիճակը. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստան-ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունների մակարդակով մի շարք հանդիպումներ, որոնք նպաստում են երկկողմ համագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործնական կապերի ընդլայնման, քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ:

ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքները: Պարոն Քարիմը գոհունակություն է հայտնել կառուցողական մթնոլորտում կատարված աշխատանքներից և նշել, որ դրանց արդյունքները գերազանցել են իր ակնկալիքները: ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ստեղծված լավ հիմքի վրա ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը կշարունակի հաջողությամբ առաջ շարժվել: Անդրադառնալով ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Սաջադ Քարիմը բարձր է գնահատել մեր երկրում քաղաքացիական հասարակության գործունեությունը և խոսքի ազատության մակարդակը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափի շրջանակում: Միաժամանակ, կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարություններով և դիվերսիոն գործողություններով սրել իրավիճակը, ինչը վտանգում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ մարտի 12-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում