Հայոց ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն է. Սերժ Սարգսյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միշտ հիշում և արժևորում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն է 1987թ. իր բանաձևով դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի կառավարությանն այն ճանարչելու կոչ անելով: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մարդու իրավունքների հարգանքը եվրոպական արժեհամակարգի այն հենասյունն է, որի վրա մենք կառուցում ենք մեր համագործակցությունը: Այս տեսանկյունից մեծապես կարևորում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից սույն թվականի մարտի 12-ին ընդունած՝ «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն աշխարհում և Եվրամիության քաղաքականությունը» 2013թ. զեկույցը, որտեղ առանձին կետով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կոչ է արվել Եվրամիության անդամ երկրներին ճանաչել այդ ողբերգությունը, իսկ եվրոպական կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլ քաղաքակրթության և մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն, որը հիշեցնում է պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին: