ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ 2015»-ի հայաստանյան մրցութային երգի պրեմիերան կկայանա մարտի 12-ին՝ Առաջին լրատվականի հիմնական թողարկումից հետո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:Տեսահոլովակը ժամը 21:30-ին հասանելի կլինի նաեւ «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնականwww.eurovision.tvկայքում:
«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը` Իննա Մկրտչյանը:Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի, սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
«Եվրատեսիլ2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը Հայաստանին ոգեշնչեց ստեղծել “Genealogy”-ն: Երկրի 6 մասնակիցներին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է: Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի միջեւ, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության միջեւ, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջեւ: Սա պատմության ու երաժշտության ծագումնաբանությունն է՝ կենաց ծառը, որն ինչպես երեւում է տարբերանշանից, ունի ամուր արմատներ եւ դեպի վեր ձգվող ճյուղեր, որոնք նման են իրար միացող մոլեկուլների: Տարբերանշանի հեղինակը Հանրային հեռուստաընկերության դիզայներ Լուիզա Պետրոսյանն է: