Ջորջ Քլունին առաջին «Ավրորա» մրցանակը կհանձնի 2016-ի ապրիլի 24-ին Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք որգեկոչման արարողությանը կհանձնի «Ավրորա» մրցանակ, որն առաջին անգամ շնորհվելու է Հայոց ցեղասպանության տարիներին ուրիշների փրկության համար իրենց վտանգած անձանց:«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ թեմային անդրադարձել է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը:

Մրցանակը ստեղծել են հայկական սփյուռքի առաջնորդներըˋ համագործակցելով հոլիվուդյան աստղերի և մարդու իրավունքների պաշտպանների հետ: Նախաձեռնության պաշտոնական շնորհանդեսը կլինի մարտի 10-ին (Հայաստանի ժամանակովˋ լույս մարտի 11-ի գիշերը) Նյու Յորքում: Նպատակն է փրկվածների պատմությունների միջոցով վավերագրել և արխիվացնել օսմանյան թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը, ինչպես արվում է հոլոքոստը վերապրած հրեաների դեպքում:

«Հայերին փրկած անձանց ցուցաբերած մարդկայնությունը, առատաձեռնությունը, ուժը և անձնազոհությունը մեզ պարտադրում են պատմել այս պատմությունները»,- ասել է Ռուսաստանում մեծացած բարերար, գործարար, «100 Lives» («100 կյանք») նախաձեռնության համահովանավոր Ռուբեն Վարդանյանը: «Իմ պապը փրկվել է միսիոներների կողմից»,- ասել է նա: 1 մլն դոլար արժողությամբ մրցանակը, որի լրիվ անվանումն է ««Ավրորա» մրցանակ` մարդկության զարթոնքի համար», այսպես է կոչվել Հայոց ցեղասպանության վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով իր կյանքը նվիրաբերել է ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործին և 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում: Մրցանակի դափնեկիրները պետք է ստացած գումարը տրամադրեն այն կազմակերպություններին, որոնց աշխատանքը ոգեշչնել է իրենց:

Նախաձեռնությունն իրականացվում է հոլիվուդյան հայտնի աստղեր Ջորջ Քլունիի, Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի, Բրեդ Փիթի հիմնադրած «Not On Our Watch» կազմակերպության հետ, որը պայքարում է հանուն աշխարհում ոճրագործությունների կանխարգելման: Այս մասին տեղեկություն է տրամադրվում նաև նախաձեռնության www.100lives.com կայքում:

«Նյու Յորք Թայմսի» հաղորդմամբˋ Ջորջ Քլունին հայտարարել է, որ խումբը և հայ հովանավորները նույն նպատակներն են հետապնդումˋ «աշխարհի ուշադրությունը բևեռել ցեղասպանության ազդեցության վրա և ռեսուրսներ ներդնել աշխարհում իրականացվող զանգվածային ոճրագործությունների դեմ պայքարելու համար»: Ժյուրիի անդամների ցանկը դեռևս հստակեցման փուլում է:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա