Հասարակական

Արմեն Մուրադյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ աշխատանքը

5 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է դիվանագետին` Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելու կապակցությամբ:

«ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ կառավարության երկարամյա համագործակցության շնորհիվ մենք բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել մի շարք ոլորտներում»,- ասել է Արմեն Մուրադյանը` առանձնահատուկ կարևորելով այն աշխատանքները, որոնք իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ:

Նա նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի շրջանակում իրականացվել են բարեփոխումներ առողջության առաջնային օղակում, տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում: Մշակվել և ներդրվել են բուժօգնության որակի բարելավման ու կառավարման մեխանիզմները:

Նախարարը առողջապահության բնագավառում կարևորել է նաև ամերիկահայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը, որն ընդգրկել է ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ, հատկապես վերջին տարիներին, համակարգի զարգացման ծրագրերը:

«Մեր երկու կառույցները համագործակցության երկարամյա փորձ ունեն, և աշխատանքը Առողջապահության նախարարության հետ մեզ համար օրինակելի է, մասնավորապես, այն ծրագրերի շրջանակում, որոնք իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ»,- ընդգծել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված «Կենսաբանական զենքի ստեղծման համար պիտանի տեխնոլոգիաների, պաթոգենների և փորձագիտության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին, որը ներառում է նաև առողջապահության ոլորտին վերաբերող դրույթներ:

Քննարկվել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության` կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս լաբորատորիայի շենքի վերակառուցման աշխատանքները: Համագործակցության շրջանակում համաճարակաբանների, վարակաբանների և լաբորատոր մասնագետների համար կազմակերպվել են մի շարք դասընթացներ, որոնք շարունակական են: Դասընթացներն իրականացվում են ամերիկյան մասնագետների կողմից` հայ մասնագետների մասնակցությամբ:

Ուշադրության կենտրոնում էին նաև համատեղ իրականացվող հանրային առողջապահական ծրագրերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել մի շարք ոլորտներում շարունակել երկկողմ համագործակցությունը:

Հայաստանի և ԱՄՆ-ի առողջապահության բնագավառում համագործակցությունն հիմնականում ընթանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության Պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:

2012թ. հունվարին ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև ստորագրվեց սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագիր, որն ուղղվեց Հայաստանի բնակչության համար շտապ բուժօգնության ծառայություններին աջակցելուն: Համաձայնագրի շրջանակում բարելավվեց շտապ բուժօգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը, տեխնիկական փորձագիտական աջակցություն տրամադրվեց առողջապահության նախարարությանը` միջազգային չափանիշներին համապատասխան ռազմավարություն մշակելու համար, ինչպես նաև ցուցաբերվեց օժանդակություն աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործում:

2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ն ստորագրեց ՀՀ կառավարության հետ 2010 թվականին կնքած օժանդակության համաձայնագրի թիվ 4 փոփոխությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առողջապահության բնագավառում իրականացնել գերակա ուղղություններում առողջապահական ծառայությունների որակի, հանրային առողջության հսկողության բարելավում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում