Հայաստանի համախառն ներքին արդյունքը գերազանցել է 4.5 տրլն դրամը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2014 թվականին ընթացիկ գներով կազմել է 4 տրլն 525 մլրդ 875 մլն դրամ, որը 2013 թականի նկատմամբ աճել է 3.4 տոկոսով, այսինքն` նախորդ տարի գրանցվել է 3.4 տոկոս տնտեսական աճ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային վիճակագրական ծառայության մակրոտնտեսական ցուցանիշների եւ ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը` նշելով, որ խոսքը արտադրական եղանակով հաշվարկված ՀՆԱ-ի մասին է:
«Համախառն ներքին արդյունքը հաշվարկում ենք 3 եղանակով` արտադրական, եկամուտների օգտագործման և եկամուտների ձևավորման: Արտադրական եղանակով հաշվարկում հիմք է հանդիանում ԱՎԾ-ի կողմից քաղաքացիներից և պետական մարմիններից հավաքագրված ամփոփ տեղեկատվությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա: Լուսյա Խաչատրյանի խոսքով` 2014 թվականի ՀՆԱ-ի աճը մեծապես պայմանավորվել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտների 7.8 տոկոս աճով, 2013 թվականի 7.2 տոկոս աճի դիմաց: Նա նշեց, որ նշված ոլորտների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 19.3 տոկոս, և այդ գործունեությունները միասին 1.5 տոկոսային կետով նպաստել են ՀՆԱ-ի հավելաճին:
Հաջորդ խոշոր ոլորտում`արդյունաբերության մեջ, հիմնականում աճ է գրանցել մշակող արդյունաբերությունը` 7.7 տոկոս աճ` նախորդ տարվա 7.1 տոկոսի դիմաց: Դրա տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 10.1 տոկոս, իսկ նպաստման չափը ՀՆԱ հավելաճին` 0.8 տոկոս:
«Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և մշակում գործունեության տեսակները գրանցել են 6.3 տոկոս աճ, սակայն իրենց փոքր կշռի պատճառով հավելաճին առանձնապես չեն նպաստել: ՀՆԱ-ի հավելաճին դրականորեն են նպաստել ծառայությունների ոլորտի գործունեության տեսակներից որոշները: Օրինակ` տեղեկատվության և կապի ոլորտում գրանցվել է 10.2 տոկոս աճ, տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 3.8 տոկոս, իսկ նպաստման չափը ՀՆԱ հավելաճին` 0.4 տոկոս: Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը նպաստել ՀՆԱ-ի աճին 0.2 տոկոսային կետով, կացության և հանրային սննդի կազմակերպումը` 0.1 տոկոսային կետով»,- ասաց Խաչատրյանը:
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը նշեց, որ ծառայությունների ոլորտը` առանց առևտրի, 2014 թվականին ապահովել է 6.9 տոկոս տնտեսական աճ և 2.2 տոկոսային կետով նպաստել ՀՆԱ-ի հավելաճին: Իսկ ինչ վերաբերում է առևտրին` Լուսյա Խաչատրյանը ընդգծեց, որ թեև այն մեծ կշիռ ունի ՀՆԱ-ում, սակայն ՀՆԱ-ի հավելաճին նպաստել է ընդամենը 1.2 տոկոսային կետով, քանի որ նախորդ տարի գրանցել է միայն 0.8 տոկոս աճ:
Խոսելով Հայաստանի համախառն ներքին արդյունքի վրա բացասական ազդեցություն թողած ոլորտների մասին` տիկին Խաչատրյանը նշեց, որ արդյունաբերության ոլորտի գործունեության տեսակները միասին վերցված չեն նպաստել համախառն ներքին արդյունքի հավելաճին: «Դա պայմանավորված է նրանով, որ այնպիսի գործունեության տեսակներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունն ու բաց հանքերի շահագործումը, էլեկտրականության և գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման գործընթցները, գրանցել են համապատասխանաբար 5.8 և 15.1 տոկոս տնտեսական անկում: Դրանց տեսակարար կշիռը համախառն արդյունքում` 7 տոկոս է, իսկ բացասական ազդեցությունը ՀՆԱ հավելաճին` 0.8 տոկոս»,- ասաց նա:
Շինարարության ոլորտում, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գրանցվել է տնտեսական անկում: Եթե 2013 թվականին գրանցվել էր 10.8 տոկոս, ապա այս տարի` 3.3 տոկոս անկում, որն իր հերթին 0.4 տոկոսով բացասականորեն է անդրադարձել ՀՆԱ-ի հավելաճի վրա: Ծառայության ոլորտում ՀՆԱ-ի աճի վրա բասացկան ազդեցություն են ունեցել կրթության, առողջապահության, բնակչության սոցիալական գործունէությունները, որոնց կշիռը ՀՆԱ-ում կազմում է 7.1 տոկոս: Միասին վերցված դրանք 0.1 տոկոսային կետով բացասական ազդեցություն են ունեցել ՀՆԱ հավելաճին: