Պաշտոնական

Հայ-վրացական համագործակցությունը զարգանում է լիակատար փոխվստահության մթնոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայ-վրացական համագործակցությունը զարգանում է լիակատար փոխվստահության մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ 2014 թվականը հայ-վրացական հարաբերությունների համար ձեռքբերումների տարի էր՝ հագեցած բարձր մակարդակի փոխայցելություններով: Վարչապետը գոհունակությամբ հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է Սադախլո-Բագրատաշեն նոր կամրջի շինարարության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որը երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլում Հովիկ Աբրահամյանը համարում է կարևոր իրադարձություն:

Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Ուսուպաշվիլին ընդգծել են, որ հայ-վրացական երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում, ինչը հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին:

Հայաստանի վարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել են հայ-վրացական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի խորացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված քայլերին՝ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել ներդրումային նոր նախագծերի իրականացումը և հայ ու վրաց գործարարների միջև կապերի սերտացումը:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում