Պաշտոնական

ԱՄՀ-ն կարևորում է ՀՀ տնտեսական աճին ուղղված միջոցառումների շարունակականությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ն կարևորում է ՀՀ տնտեսական աճին ուղղված միջոցառումների շարունակականությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ ներկայիս տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, ինչպես նաև հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2014 թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, և տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով (ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներ): Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը և բարեփոխումները՝ տնտեսական աճի ապահովման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/, «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին և քննարկել դրանց շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ-ի կողմից լրացուցիչ օժանդակության հնարավորությունները: Հանդիպմանն արծարծվել են նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում