Կարծիքներ

Թուրքական պետությունը վախենում է Ցեղասպանության ճանաչումից հատուցման ժամի համար. թուրք պատմաբան

4 րոպեի ընթերցում

Թուրքական պետությունը վախենում է Ցեղասպանության ճանաչումից հատուցման ժամի համար. թուրք պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը որպես Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օր հռչակելու Թուրքիայի որոշումը, որի նպատակն է փոխել միջազգային քննարկման թեման, ոչ այլ ինչ է, քան ժխտողական քաղաքականության գործիքներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք երիտասարդ պատմաբան Մեհմեդ Փոլաթելն` ընդգծելով, որ թուրքական կառավարության այս քաղաքականությունն «անընդունելի է իր և այլ թուրք մտավորականների համար»:

Գիտնականը Հայաստան էր ժամանել «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով:

«Ցեղասպանության ժխտողականության պատճառներից մեկն էլ հայերից առգրավված գույքը վերադարձնելու խնդիրն է,- համոզված է Փոլաթելը,- դա բնորոշ է ոչ միայն պետական մտածելակերպին, հայկական գույքին տիրացած հասարակ մարդիկ նույնպես կարծում են, որ եթե պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայերը կգան և կվերցնեն իրենց ունեցվածքը: Ահա թե ինչու է թուրքական հասարակությունը նույնպես դեմ ճանաչմանը»:

Թուրք հասարակության շրջանում փոփոխություններ սկսեցին նկատվել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո, ինչպես նաև քրդական շարժման հետևանքով: «Շատ մարդիկ սկսեցին մտածել, որ Հրանտ Դինքի սպանությունը նույնպես կապված է Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության խնդրի հետ: Հայ լրագրողը քաջություն է ունենում խոսելու Հայոց ցեղասպանության մասին և պետությունը թույլ է տալիս կազմակերպությանը սպանել նրան: Սա հարցեր է առաջացնում թուրք ուսանողների շրջանում: Բացի այդ, շատ թուրք ուսանողներ հետազոտություններ կատարելու նպատակով մեկնում է Թուրքիայից դուրս, ի վիճակի են լինում կարդալ այլ գրականություն և նրանք նույնպես փոխում են իրենց մոտեցումը հարցի շուրջ: Մյուս կողմից էլ սոցիալական մեդիան հնարավորություն է տալիս մարդկանց հեշտությամբ հասնել տարբեր աղբյուրների»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է «Արադարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո որոշ հայկական հիմնադրամներին վերադարձված ունեցվածքին, Փոլաթելը նկատում է, որ դրանք բռնագրավված են եղել ոչ թե ցեղասպանության ընթացքում, այլ Հանրապետական Թուրքիայի ժամանակ` 1926 թվականից հետո:

Թուրք պատմաբանը չկարողացավ մտաբերել ցեղասպանության տարիներին բռնագրավված հայկական գույքի վերադարձման գոնե մեկ դեպք: Թուրքական օրենսդրության համաձայն` դրանք պատկանում են պետությանը: «Նման փորձ եղել է Ադանայում 2001 թվականին, երբ հալեպցի մի հայ դիմել է դատարան` փորձելով վերադարձնել իր ծնողներին պատկանող գույքը: Դատարանն ընդունել է հայտը և որոշում կայացրել, որ իսկապես այդ ունեցվածքը ժամանակին պատկանել է այդ մարդու ծնողներին: Սակայն տեղական լրատվամիջոցները սպառնացել են դատավորին և բացասական նյութեր հրապարակել նրա մասին: Պետությունը ստիպել է դատավորին տեղափոխվել այլ շրջան և թողնել գործը: Ես միայն այդ անհաջող փորձի մասին գիտեմ»,- ասաց նա:

Կարսում ծնված և ներկայումս Ստամբուլում բնակվող Մեհմեդ Փոլաթելը թեկնաուծական թեզ է պաշտպանում Թուրքիայի Բողազիչի համալսարանում: Նա ուսումնասիրում է օսմանյան պատմությունը և հետազոտություններ կատարում Ցեղասպանության, իշխանության, պետության կազմավորման և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ: Իր աշխատության համար նա օգտվել է տարաբնույթ աղբյուրներից, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրքական ղեկավարության հուշատետրերից: Փոլաթելիխոսքով` Թուրքիայում գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսում հետաքրքրվել Հայոց ցեղասպանության հարցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում