Իրավունք

Կարեն Անդրեասյանը Բերձորի դեպքերի առնչությամբ դիմել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին

3 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը Բերձորի դեպքերի առնչությամբ դիմել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Օմբուդսմենը Բերձորի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական դիրքորոշմամբ և գրություն հղել ԼՂՀ իր գործընկերոջը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին ուղղված գրության մեջ ասված է.

«Հարգելի պարոն Հայրապետյան,

Ցավով տեղեկացանք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաև ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետև ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների, ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից, վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները և դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաև լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսևորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում:

Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և մենք չունենք որևէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը, խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք:

Շարունակելով մեր կառույցների երկարատև համագործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանականերում և երկկողմանի ձևաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում