ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել գործարարների հետ
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել գործարարների հետ: Տնտեսական աճի 13,6 տոկոս ցուցանիշով ավարտվող 2007 թվականը ամենից հաջողներից մեկն է: Վերջին 7 տարիներին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը վկայում է, որ իրականացվող բարեփոխումները արդյունավետ էին եւ դրանց արդյունքում այսօր ունենք կայուն, դինամիկ զարգացող տնտեսություն: Վստահ եմ, որ առաջիկա առնվազն 4-5 տարվա համար եւս երկնիշ տնտեսական աճի ռեալ հնարավորություն ունենք: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այսպես է բնութագրել անցնող տնտեսական տարին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության գործարար շրջանակների 60-ից ավելի ներկայացուցիչների հետ այսօր կայացած տարեվերջյան ավանդական հանդիպմանը: «Ամբողջությամբ կատարված է պետբյուջեն, թեեւ տարվա ընթացքում այն ավելացրել էինք 38 մլրդ դրամով: Նույնիսկ այդ ավելացված բյուջեն գերակատարվել է: Սա հնարավորություն է տվել պետությանը ամբողջությամբ կատարելու իր բոլոր պարտավորությունները եւ լուծելու շատ լուրջ սոցիալական հարցեր: Թերեւս հիշում եք, որ անցյալ տարվա մեր հանդիպմանն ասացի, որ հատուկ ուշադրություն ենք դարձնելու հարկային-մաքսային վարչարարությանը: Իհարկե, բոլորը չեն երջանիկ այդ ուշադրությունից, բայց ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը պետության համար լուրջ հնարավորություններ է ստեղծել սոցիալական ուղղվածությամբ բյուջե ձեւավորելու եւ սոցիալական հարցեր լուծելու համար:Էապես ավելացել են ծախսերը կրթության, առողջապահության ուղղությամբ, կայուն աճ ունեն բյուջետային ոլորտի եւ մասնավոր հատվածի աշխատավարձերը: Համոզված եմ, որ հաջորդ տարի դրանք էլի են աճելու: Էապես ավելացել են կապիտալ ծախսերը` ուղղված հատկապես ենթակառուցվածքներին` ճանապարհաշինություն, ջրամատակարարում: Ակնհայտ է նաեւ, որ երկրի տնտեսության ծավալների տարեցտարի ավելացումը բարենպաստ ազդեցություն է ունենում ժողովրդի բարեկեցության վրա: Լուրջ հնարավորություններ կան, եւ արդեն բյուջեով նախատեսված է, թոշակների, նպաստների հետագա աճը ապահովելու համարե,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը նշել է, որ շարունակում են աճել սպառողական ապրանքների շուկայի ծավալները, ընդլայնվում է հիպոթեքային վարկավորումը` արձանագրելով վարկերի մարման ժամկետների երկարացում եւ տոկոսադրուքների իջեցում, ինչը զգալիորեն աշխուժացրել է նաեւ անշարժ գույքի շուկան: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կարվի հնարավորը, որպեսզի հաջորդ տարիներին այս միտումը շարունակվի, եւ ավել մեծ թվով քաղաքացիներ հնարավորություն ստանան բարելավելու իրենց բնակարանային եւ կենցաղային պայմանները: Նախագահն ընդգծել է, որ այդ բոլոր հաջողություններում կա նաեւ գործարարների ներդրումը եւ որ այն կառավարություն-գործարար շրջանակներ գործընկերային հարաբերությունների արդյունք է: խոսելով հաջորդ տարվա տնտեսական ակնկալիքների մասին Նախագահն ասել է, որ, շնորհիվ սպասվող մեծածավալ ներդրումների, հաջորդ տարի էական զարգացում է սպասվում բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, միայն լեռնահանքային արդյունաբերության ոլորտում առաջիկա մի քանի տարիներին ակնկալվում են կես միլիարդ դոլարից ավելի ներդրումներ: Նախագահն անդրադարձել է նաեւ խնդրահարույց հարցերի, որպես այդպիսիք նշելով հասարակության շերտերի միջեւ դեռեւս չհաղթահարված սոցիալական բեւեռացումը, մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման տեմպերի մեծ տարբերությունը. «Վերջին տարվա ընթացքում փորձել ենք ավելի ուշադիր լինել այդ խնդրի նկատմամբ, բավականին ծրագրեր են մշակվում այս շեղումը շտկելու համար, բայց պրակտիկ քաղաքականության առումով հաջորդ եւ մյուս տարիներին ներդրումների ծավալով միջոցով կփորձենք իրավիճակը զգալիորեն բարելավել:Գիտենք` ինչ պետք է անել այստեղ, ռեսուրսների հնարավորությունները դեռեւս ճշգրտվում են եւ, կրկնում եմ, սա այն հարցն է, որ որոշակի իներցիա ունի իր մեջ ծավալների պատճառով, եւ չեմ կասկածում, որ այստեղ եւս առաջիկայում հաջողություններ ունենալու ենքե,- ասել է նախագահը: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաեւ մենաշնորհների թեմային, նշելով, որ այս դեպքում խոսքն ավելի շուտ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասին է, որոնց գործունեության դաշտ նոր տնտեսվարողների մուտք չգործելը թեւերս մրցակցության առումով հոգեբանական գործոններով է պայմանավորված, որոնց հաղթահարման ուղղությամբ պետք է հետեւողական աշխատանք տարվի: Խոսելով գլոբալ գործընթացների ազդեցության հետեւանքով Հայաստանում առկա խնդիրների մասին Նախագահն առաջնահերթ նշել է նավթի եւ հացահատիկի գների աճով պայմանավորված` սպառողական շուկայում արձանագրվող գների տատանումները. «Կառավարության համար չափազանց կարեւոր է լինելու այնպես անել, որ այդ տատանումները չօգտագործվեն ոչ արդար մրցակցային գործիքներ կիրառելու առումով, որ տատանումները լինեն արդարացված միայն միջազգային գների շրջանակներում եւ ոչ գերիշխող դիքերը օգտագործելու արդյունքումե,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով հաջորդ տարվա հնարավոր քաղաքական ռիսկերին, Ռոբերտ Քոչարյանը խոսել է նախագահական ընտրությունների մասին: Նախագահը վստահեցրել է, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի քաղաքական զարգացումները բացասական ազդեցություւն չունենան տնտեսական ոլորտում, նշելով, որ դրա փորձն արդեն կա` ի դեմս մինչ այս կայացած ընտրությունների ժամանակ իշխանությունների` տնտեսությունն առանց ցնցումների պահելու կարողության: Գործարարները նախագահի հետ քննարկել են ոլորտին առնչվող օրենսդրությունում խաղի կանոններն առավելագույնս հստակեցնելու, տնտեսության գերակա հայտարարված ուղղությունների համար զարգացման ամբողջական մեխանիզմներ ներդնելու, պարզեցված հարկի վերջին փոփոփոխությունները փոքր եւ միջին գործարարների համար հնարավորինս մեղմելու, կայուն եւ կանխատեսելի դրամավարկային քաղաքականություն ապահովելու հետ կապված հարցեր: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բարձրացված բոլոր հարցերն ընթացք կստանան, նշելով, որ դրանցից շատերի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: Նախագահը մասնավորապես նշել է վերջերս դրամի արժեւորման մի քանի օր տեւած անհասկանալի կտրուկ տատանումները, ասելով, որ ուսումնասիրություններ են կատարվել, եւ շուտով պարզ կլինի, թե ովքեր են եղել այդ սպեկուլյացիայի հեղինակները, եւ որ նրանք պատասխանատվության կենթարկվեն: