Մշակույթ

Շառլ Ազնավուրը կրկին Ռուսաստանի բեմին` երկու համերգով

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը կրկին Ռուսաստանի բեմին` երկու համերգով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը 2015-ին կվերադառնա Ռուսաստան՝ ևս մեկ անգամ գերելու ռուս երկրպագուների սրտերը: Աշխարհահռչակ շանսոնյեն այս տարի երկու համերգ կունենա Ռուսաստանի Դաշնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազնավուրի պաշտոնական՝ charlesaznavour.com կայքը գրում է, որ ապրիլի 20-ին երգիչը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Համերգային մեծ դահլիճում և ապրիլի 22-ին՝ Մոսկվայի Crocus City սրահում:

Սանկտ Պետերբուրգի համերգասրահի կայքը նշում է, որ հայկական ծագումով յուրահատուկ տաղանդի տեր շանսոնյեի երգերը համաշխարհային ժառանգության գանձարանում են: «Շառլ Ազնավուրն ավարտում է իր համերգային գործունեությունը, այդ պատճառով համերգի ընթացքում կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները»,-նշված է կայքում:

Crocus-hall-ի կայքի տեղեկացմամբ էլ ՝ Ազնավուրը Մոսկվա է վերադառնում բազմաթիվ երկրպագուների խնդրանքով:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում