Հասարակական

Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուսումնասիրել ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցը

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուսումնասիրել ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Արմեն Մուրադյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին հանձնարարել է հանրապետության բժշկական կենտրոններում ուսումնասիրել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված նորմերի և միջոցառումների իրականացման ընթացքը, վեր հանել առկա խնդիրները, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ նախարարն Առողջապահական պետական տեսչությանը հանձնարարել է հարուցված վարույթի շրջանակում մեղավորների նկատմամբ ցուցաբերել ամենախիստ մոտեցում։ Նա հանձնարարել է քննարկել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված աշխատանքները, նախապատրաստել նյութեր հարցը նախարարին կից կոլեգիայում ներկայացնելու համար։

Արմեն Մուրադյանը նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների առջև խնդիր է դրել քննարկել դպրոցների և նախադպրոցական հիմնարկների բուժքույրերի գործառույթներն ու նրանց պատասխանատվության սահմանները և առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղությամբ: «Բուժքույրերի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում պետք է հստակորեն ամրագրվեն նրանց գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները»,-ասել է նախարարը` հավելելով, որ անհրաժեշտ է միաժամանակ բարձրացնել բուժքույրերի մասնագիտական պատրաստվածությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում