Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանական կողմի կրակոցի պատճառով ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմի կրակոցի պատճառով ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անց կացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳ նախարարությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն՝ ելնելով անվտանգության նկատառումներից նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում