Հասարակական

Արմեն Մուրադյանը ծանոթացավ Կոտայքի մարզի առողջապահական խնդիրներին

6 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ծանոթացավ Կոտայքի մարզի առողջապահական խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին մարզպետարանում հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն` բուժաշխատողների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Մուրադյանը նշել է, որ Կոտայքի մարզ այցի շրջանակում բժշկական կենտրոններում քննարկվել են մի շարք կազմակերպական, բուժական, ֆինանսական խնդիրներ: Նախարարն ընդգծել է, որ բարձրացված հարցերը կլուծվեն համատեղ ուժերով:

Նա շեշտել է, որ առանձնահատուկ են նախարարության մոտեցումներն ու պահանջները հիմնանորոգված, վերազինված բժշկական կենտրոնների նկատմամբ:

Արմեն Մուրադյանը անդրադարձել էառողջապահական ոլորտի նոր ծրագրերին: Նա ներկայացրել է 2015թ. առաջին անգամ ներդրվող ստուգայցի (Check-Up) ծրագիրը, որը միտված է բարձրացնելու առաջնային օղակի դերը:

«Այս ծրագրով մենք ցանկանում ենք հզորացնել առողջության պահպանման առաջնային օղակը: Ծրագրի շրջանակում սոցիալական փաթեթի շահառուների համար պոլիկլինիկաներում համապատասխան չափորոշչով պետությունն առանձին վարձատրություն է սահմանել յուրաքանչյուրի համար` հատկացնելով 8000 դրամ»,- հայտնեց առողջապահության նախարարը` ընդգծելով, որ այս կերպ հնարավոր կլինի հայտնաբերել մի շարք հիվանդություններ վաղ փուլերում:

Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագրի իրականացումը: Նա տեղեկացրել է, որ մարդկանց կյանքը փրկելուն ուղղված այս ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ: Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Արմեն Մուրադյանը այս ծրագրի արդյունավետության ապահովման գործում մեծապես կարևորել է նաև մարզային բժշկական կենտրոնների աշխատանքը:

Առողջապահության նախարարը նոր ծրագրերից առանձնացրել է նաև արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձը ուսումնասիրելու նպատակով բժիշկների փոխայցելությունները: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է արտասահմանյան առաջավոր կլինիկաներում վերապատրաստել սրտաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաններ և ճառագայթային բժշկության մասնագետներ:

Արմեն Մուրադյանը կարևորել է մարզերում ճիշտ կադրային քաղաքականության իրականացումը: Նրա գնահատմամբ` կարևոր է, որպեսզի մարզում ստեղծվեն գրավիչ պայմաններ երիտասարդ մասնագետների աշխատանքի համար, ինչը մեծապես կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքելու, տուժածների բուժումը պատշաճ կազմակերպելու, ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, սրտացավ և կարեկից վերաբերմունքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Եղվարդի Նաիրիի, Աբովյանի և Հրազդանի բուժաշխատողները` երկու բուժքույր և երեք բժիշկ պարգևատրվել են պատվոգրերով:

Նախարարն իր գոհունակությունն է հայնտել բոլոր բուժաշխատողներին, ովքեր մինչ ուշ գիշեր մասնագիտական պարտքն են կատարել, ում ջանքերով հաջողվեց կարճ ժամանակում տեղայնացնել հիվանդությունը և ապաքինել հիվանդներին:

Անդրադառնալով Եղվարդում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած թունավորման արտակարգ դեպքին` նախարարը ևս մեկ անգամ կարևորել է բժշկական կենտրոնների` հիվանդների զանգվածային հոսքին պատրաստ լինելու հանգամանքը: Արմեն Մուրադյանը հայտնել է, որ հարցն իրավապահ մարմինների տիրույթում է, և պատկան մարմինները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նման դեպքերը կանխելու և բացառելու համար: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն էլ նշել է, որ քայլեր կձեռնարկվեն այցի շրջանակում բարձրացված առողջապահական խնդիրները շուտափույթ լուծելու ուղղությամբ:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն մարզային այցելությունները պարբերական դարձնելու` խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիների քննարկման համար:

Կոտայքի մարզ աշխատանքային այցը եզրափակվել է Աբովյանի բժշկական կենտրոնում: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում տարեսկզբին վերաբացված Աբովյանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում տեղակայվել են անհրաժեշտ բոլոր բաժանմունքներն ու ծառայությունները, առողջապահական հաստատությունը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը նշել է, որ այն ապահովում է Աբովյանի և հարակից գյուղերի շուրջ 100 հազար բնակչի բուժօգնությունը: Նախարարի հետ զրույցում մի շարք բուժաշխատողներ վերապատրաստվելու ցանկություն են հայտնել: ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետին հանձնարարվել է ապահովել մարզային մասնագետների վերապատրաստումը Երևանում և հնարավորության դեպքում նաև արտերկրում: Արմեն Մուրադյանը հանձնարարել է մարզում առավել արդյունավետ իրականացնել անհետաձգելի բուժօգնության ծառայության կազմակերպումը:

Նախարարն այցելել է նաև մանկական, վերակենդանացման բաժանմունքներ, վիրահատարան, ծանոթացել բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում