Արմեն Մուրադյանը զրուցել է «Մալաթիա» ԲԿ-ում բուժվող հիվանդների հետ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Երևանի «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոն: Գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է բժշկական կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին, մատուցվող բուժօգնության որակին, շրջել է բաժանմունքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը ներկայացրել է կենտրոնում մատուցվող սրտաբանական ծառայության հնարավորությունները: Նախարարն այցելել է նաև կատետերիզացիայի լաբորատորիա:
Վերակենդանացման բաժանմունքում նա զրուցել է «Մալաթիա» բժշկական կենտրոնում բարդ վիրահատությունների ենթարկված երկու հիվանդների հետ:56-ամյա Միսակ Փիլոյանը արտադրական ծանր վնասվածք էր ստացել` անզգույշ շարժումի հետևանքով կորցնելով ամբողջ աջ ձեռքը:Մոտ երեք տասնյակ բուժաշխատող, նրանցից 9-ը` մասնագիտացված վիրաբույժներ, մասնակցել են հիվանդի` 12 ժամ տևողությամբ վիրահատությանը: Արդյունքում, Միսակ Փիլոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հերթական ստուգման համար այցի եկած հիվանդին Արմեն Մուրադյանը մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում: Միսակ Փիլոյանն էլ հույս է հայտնել, որ կարճ ժամանակ անց կկարողանա վարժ շարժել ձեռքը: Վրեժ Գրիգորյանը Ճամբարակում ընդամենը մի քանի օր առաջ ենթարկվել էր ավտովթարի: Բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ հաջողվել է կատարել բարդագույն վիրահատության` ոտքի ռեինպլանտացիա:Վերականդանացման բաժանմունքում գտնվող Վրեժ Գրիգորյանն իր գոհունակությունն է հայտնել կենտրոնի մասնագետներից:
Գինեկոլոգիական բաժանմունքում Արմեն Մուրադյանը հետաքրքրվել է ծնունդների ամսեկան և տարեկան ցուցանիշներով: Ամսեկան կենտրոնում միջինում գրանցվում է 100-130 ծնունդ: Մայրանալ պատրաստվող կանանց համար կանանց կոնսուլտացիայում գործում է «Մայրերի դպրոց»-ը, ուր մասնագետների` գինեկոլոգների, նեանատոլոգների կողմից անցկացվում են հղիության և հետծննդաբերական շրջանի վերաբերյալ դասընթացներ, տրամադրվում է խորհրդատվություն:
Ասատուր Ասատրյանը նշել է, որ վերակառուցվում է տարիներ շարունակ չգործարկված 9 հարկանի մասնաշենքը, որն այս պահին գործող մասնաշենքին միանալու է նոր 6 հարկանի կառույցով:2013 թվականի աշնանը կենտրոնի հարակից մասնաշենքում մեկնարկած շինարարական աշխատանքների ավարտը նախանված է 2015 թվականի վերջին: Շինարարարական աշխատանքների ավարտից հետո կենտրոնում կգործեն ոչ միայն նոր բաժանմունքներ, կընդլայնվեն մատուցվող ծառայությունների տեսակները, այլև առթիը կհամընկնի կենտրոնի հիմնադրման 50-ամյա հոբելյանի հետ:
Արմեն Մուրադյանն այցելել է նաև հեմոդիալիզի ծառայության բաժանմունք: Ծառայության ղեկավար Արթուր Սաֆարյանն ասել է, որ բժշկական ծառայության այս տեսակը կենտրոնում գործում է 2011թ.-ից: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով ու բժշկական պարագաներով: Այս բաժանմունքը հանրապետությունում առաջինն էր, որ սկսեց հեմոդիալիզն իրականացնել միանվագ պարագաներով: Այժմ այստեղ բուժում է ստանում 150 հիվանդ, որոնց թվում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլև օտարերկրացիներ:
Նախարարը ծանոթացել է նաև Emergency` անհետաձգելի բուժօգնության հնարավորություններին: Առաջարկվել է աշխատանքներ իրականացնել ծառայությունն ընդլայնելու ուղղությամբ:
«Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնն ապահովում է ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկում Մալաթիա-Սեբաստիա համայնքի և հանրապետության ողջ բնակչության համար: Բժշկական կազմակերպությունն իրականացնում է բուժական և ախտորոշիչ օգնություն, հագեցած է ժամանակակից լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներով: