Արմեն Մուրադյանը ներմուծողներին հորդորել է վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է դեղ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Արմեն Մուրադյանը շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:
Նա հորդորել է դեղ ներմուծողներին տարադրամի արժույթի տատանման պայմաններում վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է:
Կողմերը համաձայնության են եկել, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր` հատկապես ՀՀ հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի գների բարձրացումը հնարավորինս կանխելու ուղղությամբ: