Հասարակական

Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

4 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի հուսալի և արդյունավետ գործընկերն է: «Սա նախևառաջ պայմանավորված է այն ավանդական կապերով, որոնց ձևավորման գործում իրենց ներդրումն ունեն մեր սփյուռքահայ գործընկերները»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

Ներկայացրեցնելով երկու երկրի միջև ոլորտում իրականաղվող հաջողված ծրագրերը` նա նշել է, որ թեև Ֆրանսիայի հետ առողջապահության բնագավառում միջգերատեսչական համագործակցության համաձայնագիր ստորագրված չէ, այնուամենայնիվ, միջպետական ամուր իրավական կապերն ու բարեկամական հարաբերությունները թույլ են տվել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալել առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ:

«Հատկապես արդյունավետ համագործակցություն է ծավալվում տուբերկուլոզի ոլորտում, հաջողությամբ գործում է ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն օժանդակում է ՀՀ առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի ազգային գրասենյակին տուբերկուլյոզով հիվանդների բուժման հարցում` Երևանում, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արարատի մարզերում, ինչպես նաև դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման ծրագիր է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,- ասել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով`Հայաստանում առողջապահության բնագավառում արդյունավետ համագործակցություն են ծավալում նաև «Ցավեր առանց սահմանների», UMAF, Action Santé, Initiative, SPFA ֆրանսիական կազմակերպությունները:

Նախարարը կարևորել է նաև 2014թ. ՀՀ առողջապահության նախարարության սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս գրուպի» միջև Հայաստանում հոգեկան հիվանդությունների դեմ տարվող աշխատանքը բարելավելու նպատակով հանրային մասնավոր համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Հաջողված ծրագրերի շարքում նախարարը մատնանշել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի ևմալարիայիդեմ պայքարիԳլոբալ հիմնադրամի` Հայաստանին ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի դոնոր երկրների շարքում Ֆրանսիան զբաղեցնում է երկրորդ տեղը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին ուշագրավ է համարել, որ ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպումը տեղի է ունենում դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կատարած աշխատանքն այս ոլորտում օրինակելի է: «Տարածաշրջանում Ձեր երկիրը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում իր վարած քաղաքականությամբ և ծրագրերով օրինակելի է»,- վստահեցրել է դիվանագետը:

Նա հայտնել է, որ առողջապահական ոլորտում համագործակցության ընդլայնմանն է ուղղված նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանում հաջորդ ուսումնական տարվա սկզբից ներդրվելիք հիվանդությունների կառավարման մասնագետների պատրաստման դասընթաց: Դիվանագետը կարևորել է նաև երկու երկրների համագործակցությունը գիտահետազոտական ոլորտում:

Ֆրանսիայի Գուստավ Ռուսի անվան առաջատար ուռուցքբանական կենտրոնում հայ ուռուցքաբանների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև ֆրանսիական «PCD» կազմակերպության հետ, որը մեծապես կնպաստի Հայաստանում ուռուցքաբանության, մանկաբուժության և գինեկոլոգիայի ասպարեզներում ախտորոշման և բուժօգնության որակի բարելավմանը: Լոռու մարզում շարունակում է գործել Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությունը` շարժական ատամնաբուժական կլինիկան: Վայոց ձորում մեկնարկել է նաև «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը, որը նույնպես Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությունն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում