Արմեն Մուրադյանն այցելել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց հիվանդասենյակներով, ծանոթացել է Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Երևան տեղափոխված երեխաների առողջական վիճակին, զրուցել նրանց հետ:
Արմեն Մուրադյանը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ինքը երկուժամյա պարբերականությամբ զեկուցում է իրականացվող աշխատանքների ընթացքի և հիվանդների առողջական վիճակի մասին:
Նա տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ առկա է 67 հիվանդ, որից 48-ը հոսպիտալացվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 19-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթև գանգատներով 21 երեխա, կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը: Նախարարը կարևորել է, որ առողջապահական բոլոր օղակներն օպերատիվ արձագանքել են ստեղծված իրավիճակին և նրանց հաջողվել է ժամանակին իրականացնել հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ:
Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման դրական դինամիկա: