Հայաստանը ԵՏՄ-ում 5 տարի արտոնություններ կունենա 752 ապրանքների մասով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առաջին 5 տարիների ընթացքում 752 ապրանքների գործող մաքսատուրքերը կպահպանվեն: Այս մասին Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: «752 ապրանքների գործող մաքսատուրքերը կպահպանվեն ևս 5 տարի, և այդ տարիների ընթացքում բացառվում է այդ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տարասյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

Միևնույն ժամանակ, փոխնախարարը նկատեց, որ այս պահին դժվար է կանխատեսումներ անել, թե 5 տարի հետո այդ ապրանքները կթանկանան: «Ես կարծում եմ, որ այս պահին վաղ է խոսել 5 տարի հետո այդ ապրանքների թանկացման մասին: Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի 5 տարի հետո»,- նշեց նա:

Պայմանագրով մի շարք ապրանքների համար նախատեսվում են մաքսատուրքերի վճարման զրո տոկոս դրույքաչափի կիրառման արտոնություններ: Տարասյանը նշեց նաև, որ գյուղատնտեսական տասնութ ապրանքների դրույքաչափերը ԵՏՄ-ում ավելի ցածր են ամրագրված, քան ՀՀ-ում կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը:

Հայերեն English Русский