Ջուլֆայի հայկական եկեղեցիները տարեկան 3 մլն զբոսաշրջիկ են բերում Իրան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական Ջուլֆա քաղաքում վաղուց արդեն հայեր չեն ապրում, սակայն կանգուն են հայկական եկեղեցիները: Արեւելյան Ատրպատական մարզի հայկական կոթողներից երկուսը` Սուրբ Ստեփանոս վանքը և Հովվի վանքը վերջերս են վերանորոգվել իրանական իշխանությունների նախաձեռնությամբ` դառնալով քաղաքի զբոսաշրջային ամենահայտնի վայրերը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ լրագրողների` Ջուլֆա կատարած այցելության ժամանակ քաղաքի զբոսաշրջային վարչության պետ Հոսեյնե Հոբին պատմեց, որ Արաքս գետի ափին գտնվող Սուրբ Ստեփանոս վանքը տարեկան շուրջ 3 մլն զբոսաշրջիկ է հյուրընկալում:

Սուրբ Ստեփանոս վանքը 9-րդ դարի հայկական կրոնական համալիրներից է, որը 15 կմ հեռավորության վրա է գտնվում Ջուղա քաղաքից: Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին տեղակայված եկեղեցին 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ: «Մոտ 35 տարի առաջ, իրանական հեղափոխությունից հետո, եկեղեցին գրեթե կիսաքանդ էր, սակայն տարիների ընթացքում պետությունը վերանորոգել է այն: Սուրբ Ստեփանոսը այս տարածաշրջանի պատմամշակութային կետերից է և մեծ կարևորություն ունի տուրիստական տեսնակյունից։ Եթե մինչ վերանորոգումը մոտ 200 հազար մարդ էր տարեկան այցելու այստեղ, ապա վերանորոգումից հետո նրանց թիվը հասել է 3 միլիոնի»,- ասաց Հոբին:

Իրանցի մեր ուղեկցորդը պատմեց, որ տարածքում գործում են հինգ հայկական եկեղեցիներ, որոնցից միայն երեքն են վերականգնված, իսկ երկուսը դեռ չեն վերանորոգվել ճանապարհային դժվարությունների պատճառով։

Հաջորդ կանգառը Հովվի եկեղեցին էր, որտեղ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում: Եկեղեցու արտաքին հատվածի շինարարական աշխատանքները մոտենում էին ավարտին, և շուտով գմբեթին էր տեղադրվելու խաչը: Հովվի եկեղեցին, որն իր չափերով էապես զիջում է Սուրբ Ստեփանոս վանքին, կառուցվել է շատ ավելի ուշ` հայ հովիվների կողմից, ովքեր օրվա աշխատանքից հետո չէին հասցնում հասնել Սուրբ Ստեփանոս, և որոշում են ճանապարհին հիմնել փոքրիկ աղոթատեղի: Արաքսի ափին տեղակայված հայկական կոթողը նորոգումից հետո ընդգրկվելու է Իրանի զբոսաշրջային երթուղիներում:

Իրանի Ջուլֆա քաղաք այցելողներն Արաքսի ափով քայլելիս կհանդիպեն նաև մեկ այլ հայկական շինության: Դա Խոջա Նազարի քարավանատունն է, որը դարեր շարունակ իր հարկի տակ է ընդունել տարածքով անցնող վաճառականներին: Խոջա Նազարը 16-րդ դարում ապրած հայ վաճառական է, ով ծնվել էր Ջուղա քաղաքում և տարածաշրջանի մեծահարուստներից էր։ Նրան են պատկանել Արաքսի երկու ափերին գտնվող քարավանատները: Դրանցից մեկը, որն այժմ գտնվում է Իրանի տարածքում, կրում է հայ վաճառականի անունը և շարունակում հյուրեր ընդունել իր տանիքի տակ:

Հայերեն English

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր