Հայաստանը հաջորդ տարի կընդունի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ը մարտի 16-20-ը Երևանում լիագումար նիստ կանցկացնի: Այս մասին Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Եվրանեսթ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Մինչև մարտ մենք դեռ բավականին ժամանակ ունենք, մինչ այդ ևս մեկ նիստ կլինի Բրյուսելում, իսկ այնուհետև Երևանում մենք կընդունենք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Ես պետք է տեղեկացնեմ նաև, որ Հայաստանը երկրորդ անգամ իր հարկի տակ կընդունի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զաքարյանը:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանի համար այդ չափազանց կարևոր միջոցառումը կանցնի արդյունավետ, իսկ հայկական կողմը կկարողանա բարձր մակարդակով կազմակերպել ամեն ինչ: «Ես հույս ունեմ, որ մինչ այդ բոլոր զեկուցողները կհասցնեն պատրաստել իրենց զեկույցները տարբեր թեմաների վերաբերյալ և կներկայացնեն դրանք երևանյան նիստի ժամանակ»,- նշեց Արտակ Զաքարյանը:
Պատգամավորը Երևանում «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վհաժողովի լիագումար նիստի անցկացումը կարևորեց այն առումով, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որի շրջանակներում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում նախատեսված են ոգեկոչման միջոցառումներ:
Զաքարյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 16-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի ընթացքում, երբ որոշում է կայացվել հաջորդ լիագումար նիստն անցկացնել Հայաստանում, ադրբեջանցի պատվիրակներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և նշել են, որ չեն մասնակցելու Հայաստանում անցկացվելիք նիստին: «Նրանք կրկին բարձրաձում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, պնդում, որ Հայաստանի քայլերը չեն արժանանում համապատասխան արձագանքի, որ Հայաստանին հարկավոր է պատժել և այլն: Սակայն բոլոր պատվիրակները միաբերան առաջ տարան այն թեզը, որ վեհաժողովը չի զբաղվում հակամարտությունների կարգավորմամբ»,- նշեց Զաքարյանը՝ ընդծելով, որ ադրբեջանիցները թեև խոսում են այն մասին, որ չեն մասնակցելու երևանյան նիստին, սակայն վերջում գալու են և մասնակցեն, քանի որ նրանք զեկուցող ունեն, որը պետք է այդ օրերին ներկայացնի իր պատրաստած զեկույցը: