Հասարակական

Մայրաքաղաքում նշվել է բանաստեղծ Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակը

2 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում նշվել է բանաստեղծ Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների և կոլեկտիվի մասնակցությամբ, անցկացրել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և մանկավարժ Մուշեղ Իշխանի 100-ամյակի նվիրված հուշ-երեկո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Առնո Բաբաջայանի անվան համերգային դահլիճի նախասրահում ցուցադրվել են բանաստեղծի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաև գրողներ, սփյուռքահայ հյուրեր, աշակերտներ: Քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին և ընդգծելով, որ 2014 թվականը հայտարարված է եղել Մուշեղ Իշխանի ծննդյան հոբելյանական տարի, Արամ Սուքիասյանը կարևորել է հայ գրականության մեջ իրենց ուրույն հետքը թողած ստեղծագործողների մեծարումն ու նոր սերնդի դաստիարակության հարցում նրանց գրական ժառանգության դերը:

Միջոցառման ընթացքում խրախուսվել են բանաստեղծի 100-ամյակին նվիրված ասմունքի համաքաղաքային մրցույթում հաղթող ճանաչված և աշակերտական գիտական ընթերցումների մրցույթում պարգևատրված աշակերտները: Բանաստեղծի անունը կրող դպրոցի սաներն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ընթերցել են գրողի ստեղծագործություններից, բեմադրվել են «Ժամադրություն», «Ցուցափեղկին աղջիկը» և «Մեռնիլը որքան դժվար է» գործերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում