Քաղաքականություն

Հակոբ Ինջիղուլյանի վերադարձով մերկացվեց ադրբեջանական հետամնաց սուտը

3 րոպեի ընթերցում

Հակոբ Ինջիղուլյանի վերադարձով մերկացվեց ադրբեջանական հետամնաց սուտը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված, իսկ ժամեր առաջ Հայաստան ժամանած Հակոբ Ինջիղուլյանի քայլն ապացուցեց, որ նա որևէ ցանկություն չի ունցել սեփական կամքով սահմանն անցնելու ու հայտնվելու ադրբեջանական կողմում: Նման տեսակետ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Հակոբի քայլն օրինակելի է, նա ապացուցեց, որ իրապես որևէ ցանկություն էլ չի ունեցել սեփական կամքով սահմանն անցնելու: Այն ամենը, որ ժամանակին ասվել է Ադրբեջանի պաշտոնական անձնանց կողմից, այնպիսի սուտ է, որ չունի հավասարը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` իրենք ուսումնասիրում են նաև նմանատիպ իրավիճակների այլ երկրների փորձը ու գրեթե նման քարոզչության չեն հանդիպում: «Ամենահետամնաց տեխնոլոգիաներն են օգտագործում Ադրբեջանում»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

Իսկ հարցին ի պատասխան` հնարավոր է, արդյոք, Հակոբ Ինջիղուլյանի տված վկայությունների հիման վրա պատասխանատվության կանչել Ադրբեջանին` Լարիսա Ալավերդյանը նշեց. «Մենք չենք կարող ոչինչ անել, մենք Կարեն Պետրոսյանի հարցով համաշխարհային մակարդակով ճնշում գործադրեցինք, բայց իրենք չեն կատարում ոչ տարբեր երկրների պահանջը, ոչ էլ անգամ ՄԻԵԴ-ի պահանջը»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է հայենադարձված Հակոբ Ինջիղուլյանի հետ տարվելիք աշխատանքին, Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ անդամները գնում են Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման: «Նա այսօր այցելելու է հիվանադանոց, ուր կանցնի բուժզննում: Մինչ այժմ աշխատել ենք ընտանիքի հետ և, անշուշտ, իր հետ էլ աշխատելու ենք»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Նրան օդանավայակում դիմավորել են հարազատներն ու մարդկանց հոծ բազմություն: Հակոբ Ինջիղուլյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ բռնություններ են կիրառել: Նրան անընդհատ ծեծել են և հայհոյել: Նրան ցուցումներ են տվել, թե ինչ խոսի, երբ նրան նկարահանեն, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ: Ինջիղուլյանին ստիպել են նաև տեղափոխվել երրորդ երկիր` հակառակ պարագայում` սպառնալով սպանել:

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում