Հասարակական

Երևանի քաղաքապետարանը «Թիվ 1 հանրային վարկանիշ ՀՀ-ում» միջոցառմանն արժանացել է հատուկ մրցանակի

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը «Թիվ 1 հանրային վարկանիշ ՀՀ-ում» միջոցառմանն արժանացել է հատուկ մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվել է հանրային ծառայությունների և ապրանքանիշների «Թիվ 1 հանրային վարկանիշ ՀՀ-ում» առաջին մրցանակաբաշխությունը: Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների և արտադրանքի որակը, նպաստել մրցակցային դաշտի ակտիվացմանը, սպառողին մանրամասնորեն ծանոթացնել տարբեր ընկերությունների արտադրանքին և անմիջական կապ ստեղծել սպառողի ու գործարար միջավայրի միջև։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի ճանապարհաշինական ներդրումային լավագույն ծրագիր անվանակարգում հատուկ մրցանակի է արժանացել Երևանի քաղաքապետարանի «Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման ծրագիրը»՝ որպես Հայաստանի վարկանիշով առաջատար:

Մրցանակը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանին է հանձնել Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերության մամուլի խոսնակ Կարեն Քոչարյանը նշել է, որ ներկայացված 31 անվանակարգերի առաջատարները որոշվել են «Gallup International Association» սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցումների և հատուկ փորձագիտական եզրակացությունների համաձայն: Քաղաքապետարանի ծրագիրն ընտրվել էր Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում