Արմեն Մուրադյանը Ստեփանավանում ծանոթացել է բժկակական կենտրոնի նյութատեխնիկական հնարավորություններին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ստեփանավանի բժշկական կենտրոնում տնօրեն Ռոբերտ Կոծիկյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կենտրոնի նյութատեխնիկական և շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներով:
Արմեն Մուրադյանն իր գոհունակությունն է հայտնել հիվանդանոցի լաբորատոր հագեցվածության կապակցությամբ: Նախարարը եղել է նաև «Մանկան բարեկամ» ծննդատանը, վերակենդանացման բաժանմունքում և վիրահատարանում: Հիվանդասենյակներում նա հետաքրքրվել է հիվանդների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ: «Գոհ եմ այս բժշկական կենտրոնի թե՛ բուժական գործունեությունից, թե՛ կադրային քաղաքականությունից, ինչը ոչ միայն տնօրենի, այլև մարզի բուժվարչության պետի, քաղաքապետի աշխատանքի շնորհիվ է»,- նշել է նախարարը:
Նա Կենտրոնի տնօրենին հորդորեց վճարովի ծառայություններից գոյացած միջոցների հաշվին բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը: Նույն օրն Արմեն Մուրադյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է նաև Վանաձորի բժշկական նոր կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, տվել հանձարարականներ: