Հասարակական

Արմեն Մուրադյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով դիվանագիտական իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Թիան Չանչունին ` նախարարը նշել է. «Մեր համագործակցությունը բավական արդյունավետ էր։ Ես այն համարում եմ օրինակելի և վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ ծրագրեր կիրականացվեն»:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի առողջապահական խնդիրների հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։ Նշել է, որ Չինաստանի կառավարության տրամադրած շտապօգնության 88 մեքենաների գործարկումից հետո ծառայությունը նկատելիորեն բարելավվել է, ինչի արդյունքում կանչերն ավելացել են։ Նախարարը դեսպանին է ներկայացրել առողջապահական համակարգում վերջին շրջանում արձանագրված բարեփոխումները և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի։ «Մեր երիտասարդությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն չինական ժողովրդական բժշկության, այլև ձեր երկրում զարգացող ապացուցողական բժշկության հանդեպ»,-ասել է Արմեն Մուրադյանը` վկայակոչելով մասնագետների և ուսանողների փոխադարձ այցերը։

Հանդիպման ավարտին նախարարը Թիան Չանչունին հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքներում: Երկուստեք հաստատվել է, որ երկու բարեկամ պետությունների միջև բոլոր ուղղություններով հետագա համագործակցության համար ամուր հիմքեր են ստեղծված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում