Պաշտոնական

ԵՊՀ-ն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի գործում. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի գործում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը նախ այցելել է հայ բանասիրության ֆակուլտետ, դիտել հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Այնուհետև Սերժ Սարգսյանը ԵՊՀ գլխավոր մասնաշենքում մասնակցել է համալսարանի վերոնշյալ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ պետական պարգևներով և ՀՀ Նախագահի շնորհակալագրերով:

Հանդիսավոր նիստի ժամանակ Հանրապետության Նախագահը հանձնել է պետական պարգևներն ու շնորհակալագրերը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը շնորհավորել հոբելյանի առթիվ: «Երևանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կայացման գործում, և այս դահլիճում նստածներից շատ-շատերն ու նաև ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդում: Շնորհակալ եմ բոլորիդ»,- շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում