Հունաստանում ցեղասպանությունը ժխտողներին պատժելով կստիպեն Եվրոպային խոսել դրա մասին. թուրքագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ազդակ կլինի, որ ԵՄ-ում խոսեն Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` նկատելով, որ Հունաստանի խորհրդարանում քվեարկվելիք Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը գուցե ընդհանուր ազդակ չի տա այլ երկրներում պատիժ սահմանող օրինագծերի ընդունման համար, սակայն, եթե Հունաստանի խորհրդարանը կողմ քվեարկի օրինագծին, ապա առաջիկա ամիսների ընթացքում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կրկին կխոսեն դրա մասին: «Խորհրդարանում օրինագծի ընդունումից հետո լուրջ աշխատանք ունեն կատարելու հայ պատմաբաններն ու դիվանագետները, ովքեր պետք է Եվրամիության այլ երկրներին հասցնեն ազդակը, որ ոչ միայն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը այլեւ դրա ժխտումը քրեականացնող օրինագիծ մշակեն: Օրինագծի ընդունումը պետք է ազդակ լինի նաեւ Հայաստանի խորհրդարանին, որպեսզի մեր օրենսդիրներն էլ մտածեն Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչելու մասին: Պետք է խոսեն ասորիների եւ հույների ցեղասպանության մասին, ոչ միայն արդարություն հաստատելու համար, այլ նաեւ, որ հերքեն թուրքական թեզն այն մասին, որ 20-րդ դարի սկզբին կոտորել են հայերին, որովհետեւ հայերը համագործակցում էին ռուսական բանակի հետ: Եվ խոսելով հույների, եզդիների, ասորիների ցեղասպանության մասին, Հայաստանն առաջին հերթին կհերքի այդ թեզն ու կապացուցվի, որ Թուրքիայում գործում էր հստակ ծրագիր` բնաջնջել քրիստոնյա ժողովուրդներին»,-ընդգծեց թուրքագետը:

Եթե Հունաստանի խորհրդարանում օրինագիծն ընդունվի, ապա այն կարող է լուրջ ազդակ հանդիսանալ նաեւ ՄԻԵԴ-ի համար` թե’ սպասվելիք թուրք ազգայնական Դողու Փերինչեքի, թե’ հետագա այլ գործերում, որպեսզի ցեղասպանության ժխտման համար բանտարկությունը չդիտարկվի որպես խոսքի ազատության սահմանափակում:

«Իհարկե Հունաստանը ԵՄ-ում առաջատար պետություն չէ եւ դիրքեր չի թելադրում, սակայն օրինագծի ընդունումը հավելյալ կռվան է, որ պետք է օգտագործել ՄԻԵԴ-ում»,- ասաց Շաքարյանը` հավելելով, որ ՄԻԵԴ-ը շատ ավելի լուրջ մարտադաշտ է, քան որեւէ երկրի խորհրդարանի օրինագիծը կամ որեւէ երկրի նախագահի ելույթը: «ՄԻԵԴ-ը ստեղծում է նախադեպ եւ եթե Դողու Փերինչեքը վերջնականապես հաղթի, սա շատ ավելի մեծ ռազմավարական պարտություն է Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, քան որեւէ այլ հարց»,- ասաց Շաքարյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է եւ խնդրի կարգավորումը ոչ թե պատմաբանների, այլ իրավաբանների գործն է:

Այս հարցում նա կարեւորեց միջազգային իրավունքի մասնագետների դերը, որոնք Հայաստանում այնքան էլ շատ չեն, ովքեր կարող են հայկական հարցը ըստ արժանվույն պաշտպանել ՄԻԵԴ-ում: «Մենք պետք է փորձենք մեր լոբբինգային ներուժը ներդնել, որպեսզի պատրաստենք իրավաբանների, որպեսզի միջազգային մակարդակում կարողանան ներկայացնել հայկական հարցն ու հաղթանակած դուրս գալ»,- ասաց Շաքարյանը:

Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը կկայանա երեքշաբթի` սեպտեմբերի 9-ին, Հունաստանի ժամանակով 19:00-ին: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի: Հայկական համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարզվել է, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է օրենքի ընդունմանը:

Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ:

Հայերեն English Русский