Հայկական սահմանը հսկող սերունդը գերազանցում է իր նախորդներին. Արցախի թեմի առաջնորդ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սահմանին այսօր կանգնած է փայլուն սերունդ, որը գերազանցում է իր նախորդներին, ինչն էլ առաջխաղացման նշան է: Այսպես բնութագրեց հայ զինվորին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Երևանից Արցախ մեկնած լրագրողների հետ զրույցում: «Պատերազմի ժամանակ մեր կամավորական ջոկատները, որ հետագայում վերածվեցին միացյալ բանակի, փառավոր կերպով կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Այսօր, երբ հաճախ մեկնում եմ առաջին գիծ ու տեսնում նրանց հայացքը, խրոխտ ձայնը, նրանց մտածողությունն ու գիտակցությունը, անկեղծ ասած`ապշում եմ. իմ սպասածից ավելին են մեր երիտասարդները: Փայլուն սերունդ ունենք, ինչը բնական է, քանի որ ամեն սերունդ պետք է գերազանցի նախորդին, եթե ցանկանում է առաջխաղացում ունենալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց արցախյան հերսոամարտի տարիներին մեկ ձեռքին խաչ, մյուսին` զենք պահած Պարգև Սրբազանը:

Սրբազանի խոսքով` վերջին երեք շաբաթվա ընթացքում ներկայիս սերունդը 100 տոկոսով ապացուցեց վերոնշյալը, որի մասին վկայում են հայկական ԶՈՒ գեներալները, գնդապետները, Արցախի պատերազմի հերոսները: «Փառավոր սերունդ, արտակարգ երիտասարդներ ունենք, և ես հպարտանում եմ նրանցով: Կոչ կանեմ նրանց մնան այնպիսին, ինչպիսին այսօր կան».-ընդգծեց հոգևորականը` շնորհակալություն հայտնելով նրանց դաստիարակած ծնողներին:

Ադրադառնալով հայոց բանակում հոգևորական դասի առկայությանն ու նրանց դերակատարությանը` Պարգև Սրբազանը նշեց, որ նրանք իրենց կարևոր տեղն ունեն զինվորների մարտական ոգու բարձրացման մեջ: «Եկեղեցու առկայությունը բանակում շատ կարևոր է: Առաջինը մենք ենք սկսել այդ գործն Արցախում 1992 թվականին, երբ Տեր Գրիգորին որպես հոգևոր սպասավոր կարգեցինք բանակում: Այդ փորձը մեզ պատերազմը թելադրեց, որ հոգևորականը լինի զինվորի կողքին, հավատքն ամրացնի, սովորեցնի աղոթել, զորավոր մնալ, հույսը կապել Աստծո հետ, կատարյալ հայրենասեր լինել: Բարեբախտաբար, այսօր ունենք այդ հաստատությունը և ունենք հոգևորականներ, ովքեր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և պաշտպանության նախարարի կարգադրությամբ ծառայում են այս կամ այն զորամասում, ովքեր շփվում են թե սպաների, թե զինվորների հետ: Ես կարծում եմ, որ մեր հոգևոր սպասավորներն իրենց մեծագույն լուման են բերում բանակին. մխիթարում են, գոտեպնդում, զորացնում են տղաներին և խորացնում նրանց գիտելիքները»,-շեշտեց Պարգև Սրբազանը:

Արցախի թեմի առաջնորդի դիտարկմամբ` մեծ երջանկություն է տեսնել, թե ինչպես են զինվորներն իրենք գիտակցում Աստծո առկայությունն իրենց ծառայության մեջ: «Վերջերս դեպք եղավ ու հակառակորդը հարձակվեց մեր մի շրջանի դիրքի վրա: Գիտեք, որ մեր զինվորներն առաջնագծում ամեն տեղ մատուռներ են կառուցում, փոքրիկ սուրբ անկյուններ, և, երբ թշնամին երկու կողմից ներխուժեց մեր խրամատներն ու կրակեց այդ ուղղությամբ, 99 տոկոս հարվածները դիպան այդ մատուռին, ու այն փրկեց մեր զինվորներին: Զինվորները բոլորը միաբերան ինձ ասում էին, որ այդ սրբությունը մեզ պահեց, Աստված պահեց մեր զինվորներին: Ահա, մեր զինվորի գիտակցությունը, ահա հոգևոր սպասավորի աշխատանքը զինվորի հետ: Իրենք են խաչքարեր կառուցում, իրենք են քարը քարի վրա դնում: Մենք պետք է շարունակենք այդ աշխատանքը».-համոզմունք հայտնեց Պարգև Սրբազանը:

Արցախ այցելությունը կազմակերպվել է Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ՝ աջակցությամբ Հայաստանյան «World Vision» կազմակերպության: Մոտ 20 լրագրողներ օգոստոսի 22-24-ին գտնվել են Շուշիում, Ստեփանակերտում, Գանձասարում, մի շարք զորամասերում:

Հայերեն English